28 06 2019

ԵՊՀ-ում պրոռեկտորների հաստիքներ կլուծարվեն, փոխարենը կստեղծվեն նորերը

ԵՊՀ-ում պրոռեկտորների հաստիքներ կլուծարվեն, փոխարենը կստեղծվեն նորերը

Հունիսի 28-ին տեղի է ունեցել «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի թիվ 12 նիստը՝ օրակարգային 4 հարցով: Այս մասին տեղեկանում ենք ԵՊՀ ֆեյսբուքյան էջից։

ԵՊՀ խորհրդի նիստում Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնը լուծարելու կամ այլ կենտրոնի միացնելու առաջարկները չեն ընդունվել, բավարար ձայներ չի հավաքվել

 

Նիստի օրակարգային առաջին հարցը վերաբերում էր «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2019 թ. կառուցվածքում փոփոխություններ կատարելուն:

Հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանը նշեց, որ դեռևս մայիսի 23-ին ԵՊՀ գիտխորհուրդը հաստատել է ԵՊՀ կառուցվածքում և հաստիքացուցակում փոփոխություններ կատարելու վերաբերյալ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդին միջնորդելու հարցը, որով առաջարկվում է կառուցվածքային մի շարք փոփոխություններ, որոնք առաջարկել էր ԵՊՀ-ում բարեփոխումների հանձնաժողովը:

Գիտխորհրդի կողմից հաստատված փոփոխությունների փաթեթով առաջարկվում է ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով ու գիտական քաղաքականության և միջազգային համագործակցության գծով պրոռեկտորների հաստիքների վերացում, ապա նրանց գործառույթների մեկտեղմամբ երկու նոր պրոռեկտորների հաստիքների ստեղծում՝ Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով պրոռեկտոր ու Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով պրոռեկտոր, որոնք կհամակարգեն իրենց ենթակայության տակ գտնվող ուղղությունների և՛ գիտական, և՛ կրթական գործունեությունը:

Առաջարկվում է նաև վերացնել ԵՊՀ ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի հաստիքը, քանի որ դրա ենթակայության ներքո այսօր գործող ստորաբաժանումներ չկան: Փոխարենը ստեղծել Արտաքին կապերի գծով պրոռեկտորի հաստիք, որը կհամակարգի միջազգային կապերը, արտասահմանյան դրամաշնորհները, հայաստանյան բուհերի, կազմակերպությունների հետ կապերը, ֆոնդահայթայթման գործառույթը:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ որոշումն ընդունվել է այն ժամանակ, երբ ինքը գիտխորհրդի անդամ չի եղել, և այսօր որպես ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար՝ առարկություններ ունի:

Մասնավորապես նա առաջարկում է, որ Արտաքին կապերի գծով պրոռեկտորի փոխարեն ստեղծվի Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորի հաստիք: Գեղամ Գևորգյանը նշեց, որ առաջարկվող փոփոխություններով նաև որոշ ստորաբաժանումներ, լինելով ռեկտորի և պրոռեկտորների ենթակայությունների ներքո, կտեղափոխվեն:

Կառուցվածքային փոփոխությունների քննարկման ժամանակ ԵՊՀ կիրառական սոցիոլոգիայի ամբիոնի վարիչ Արթուր Աթանեսյանն ասաց, որ համալսարանի դեմ բարձրացված դժգոհությունները պայմանավորված էին ոչ միայն անձերով, այլև աշխատանքի բովանդակության հետ:

Նրա հավաստմամբ, կան համալսարանականներ, որոնք իրենց գործունեությամբ ավելի լավ են ապահովում համալսարանի «PR»-ը, քան վարչական ապարատը: Արթուր Աթանեսյանն առաջարկեց փոխել ստորաբաժանումների կենսաձևը, վերանայել դրանց աշխատանքները: Գևորգ Մուրադյանը՝ ի պատասխան փաստեց, որ այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացվում են:

ՈւԽ նախագահ Դավիթ Ափոյանը նշեց, որ կառուցվածքային փոփոխությունները գիտխորհրդի ժամանակ հաստատվել են ընդհանուր փաթեթով՝ առանց առանձին կետերի քննարկման և հաստատման: Նրա փոխանցմամբ, ստորաբաժանումների ղեկավարները տեղյակ չեն եղել փոփոխությունների մասին, և չեն արվել վերլուծություններ: Գևորգ Մուրադյանն ասաց, որ այս հարցն անցել է իրավական բոլոր ճանապարհներով և նոր միայն հասել Հոգաբարձուների խորհրդի հաստատմանը, և այսօր մարմինն իրավասու է որոշում կայացնել:

Հոգաբարձուների խորհուրդը որոշեց լուծարել ԵՊՀ ուսումնական աշխատանքների գծով, միջազգային համագործակցության և գիտական քաղաքականության գծով, ուսանողների, շրջանավարտների և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորների հաստիքները և փոխարենը ստեղծել Հումանիտար և հասարակագիտական մասնագիտությունների գծով, Բնական և ճշգրիտ մասնագիտությունների գծով և Միջազգային համագործակցության և հասարակայնության հետ կապերի գծով պրոռեկտորների հաստիքներ:

Այնուհետև քվեարկության դրվեց Հաշվապահության վերակազմակերպման հարցը, որի հիմքի վրա կստեղծվեն Ֆինանսական վերլուծության և Հաշվապահական վարչություններ: Գևորգ Մուրադյանն ասաց, որ անձամբ ինքը կողմ է այս հարցի հաստատմանը, քանի որ փոփոխությունը միայն դրական արդյունքներ կգրանցի: Այս հարցը նույնպես հաստատվեց:

Կառուցվածքային փոփոխությունների շրջանակում քվեարկության դրվեց Գնումների և պահեստավորման վարչության վերակազմակերպման և առանձին երկու բաժինների ստեղծման հարցը, որը նույնպես հաստատվեց:

Հաջորդիվ ԵՊՀ հոգաբարձուների խորհուրդը հաստատեց Տեղեկատվական համակարգերի սպասարկման և զարգացման վարչությունը երկու բաժինների վերակազմակերպելու հարցը: Գևորգ Մուրադյանն ասաց, որ այսկերպ ավելի բարձր կլինի պատասխանատվությունը և արդյունավետությունը:

Անցնելով Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միացման հարցին՝ ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ Գևորգ Մուրադյանն ասաց, որ այս ընթացքում ուսումնասիրել է Ուսանողների հետ տարվող աշխատանքների կենտրոնի գործառույթները և հանգել եզրակացության, որ դրանք իրականացնելու ստորաբաժանումներ արդեն իսկ կան: Նա առաջարկեց քվեարկության դնել նաև կենտրոնը լուծարելու հարցը:Հարցի վերաբերյալ ծավալվեցին քննարկումներ, որոնց արդյունքում առաջարկվեց նաև օրակարգային հարցի այս կետի քննարկումը և հաստատումը տեղափոխել հաջորդ նիստին: Քվեարկության արդյունքում առաջարկությունը չանցավ: Չընդունվեցին նաև կենտրոնը լուծարելու կամ այն ու Շրջանավարտների և կարիերայի կենտրոնի միացման առաջարկությունները:

Գեղամ Գևորգյանն ասաց, որ կենտրոնն իրականում ստեղծվել է ՈւԽ նախագահներին աշխատատեղ ապահովելու նպատակով. «Սկզբում ստեղծվելով որպես բաժին, ապա ընդլայնվելով ու դառնալով կենտրոն՝ այն իր վրա է վերցրել տարբեր գործառույթներ՝ փաստելով, որ համապատասխան ստորաբաժանումները լավ չեն իրականացնում դրանք: Բայց դրանք կան և պետք է արդյունավետ դարձնել դրանց աշխատանքը: Բացի դրանից՝ ուսանողների հետ աշխատանք պետք է իրականացնեն բոլոր ստորաբաժանումները»:

Օրակարգային հաջորդ հարցով Հոգաբարձուների խորհուրդը քննարկեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2018 թ. եկամուտների և ծախսերի տարեկան նախահաշվի կատարողականի վերաբերյալ հաշվետվությունն ու տարեկան գործունեության վերաբերյալ ֆինանսական հաշվետվությունը հաստատելու հարցը, որը հաստատվեց միաձայն:

Գևորգ Մուրադյանն ասաց, որ ԵՊՀ-ում իրականացվում է ֆինանսական աուդիտ, որը ստուգում է, թե արդյոք ճիշտ են կատարվել ֆինանսական գործարքները. «Առաջարկում եմ այսուհետ իրականացնել նաև բովանդակային աուդիտ, որի արդյունքում մեզ կտրվի վերլուծություն ֆինանսական հոսքերի կառավարման արդյունավետության վերաբերյալ»: Նա փաստեց, որ իրականացված վերջին աուդիտի արդյունքները դրական են:

Անցնելով օրակարգային հաջորդ հարցին՝ Գեղամ Գևորգյանը ներկայացրեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի 2019 թ. բյուջեում փոփոխություններ կատարելու հարցը: Նա նշեց, որ դեռևս այս տարվա առաջին նիստին 2019 թ. բյուջեն հաստատվել է 672 մլն դեֆիցիտով և առաջարկեց վերաձևել այն. «Եկամտային մասն ավելանում է՝ ի հաշիվ դիմորդների սպասվող թվի ավելացման, պետության կողմից կրթության համար տրվող ֆինանսավորումը մեծացել է: Սպասվում է ավելացում Ծաղկաձորի «Համալսարան» ուսումնաարտադրական բազայի, մարզահամալիրի վճարովի ծառայությունների մուտքերից, հանրակացարանի շահագործման վճարներից և բանկերում եղած դեպոզիտներից: Բացի դրանից՝ կան ծախսերի նվազումներ»:

Նրա տեղեկացմամբ, արդյունքում բյուջեն կլինի պրոֆիցիտային, բայց և առաջարկեց այն նորից դարձնել դեֆիցատային՝ այլ պարտականություններ իրականացնելու համար: Մասնավորապես՝ հանրակացարանը բերել շահագործման տեսքի՝ ձեռք բերելով համապատասխան գույք: Բացի դրանից՝ համալսարանում ջրամատակարարման հարցը լուծելու համար առաջարկվում է ձեռք բերել ջրի նոր բաք:Գեղամ Գևորգյանի փոխանցմամբ, առաջարկվում է լրացուցիչ և նորարար աշխատանքները խրախուսելու համար սահմանել լրավճարներ. «Մասնավորապես՝ սեպտեմբերի 1-ից որոշ դասընթացներ կկազմակերպվեն «Moodle» էլեկտրոնային ուսուցման համակարգով, և այն դասախոսները, որոնք կօգտագործեն այդ հարթակը, կստանան լրավճարներ»:

Բացի դրանից՝ առաջարկվում է ԵՊՀ հիմնադրման 100-ամյակի կապակցությամբ աշխատակիցներին պարգևատրել հիմնական աշխատավարձի 50 %-ի չափով: Օրակարգային այս հարցը նույնպես ընդունվեց ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի կողմից:

Նիստի օրակարգային վերջին հարցով էլ քննարկվեց «Երևանի պետական համալսարան» հիմնադրամի հաշվեկշռում գտնվող ՀՀ Արագածոտնի մարզի Անտառամուտ գյուղի տարածքում առկա ԵՊՀ ուսումնաարտադրական բազայի օտարման հարցը, որի վերաբերյալ հնչեցին տարբեր կարծիքներ և առաջարկություններ: Ծավալված քննարկումից հետո որոշվեց օրակարգային այս հարցը հետաձգել:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ