Այսօր ՀՀ կառավարության հերթական նիստին ՀՀ կրթության և գիտության նախարար Արայիկ Հարությունյանը ներկայացրեց Հայաստանի Հանրապետության բարձրագույն ուսումնական հաստատությունների 2019/2020 ուսումնական տարվա՝ ըստ մասնագիտությունների պետության կողմից ուսանողական նպաստների ձևով ուսման վարձի լրիվ փոխհատուցմամբ (անվճար) և ուսման վարձի մասնակի զեղչի կիրառման իրավունքով (վճարովի) առկա ուսուցմամբ բակալավրի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի տեղերը։
1) ասպիրանտուրա ընդունելության տեղերը՝
ա. Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, առկա ուսուցմամբ՝ 140 տեղ.
բ. Պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ, միջպետական համաձայնագրերով` 24 տեղ:
2) Դոկտորանտուրա ընդունելության տեղերը՝ պետական կրթաթոշակով, նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ՝ 13 տեղ:
ՀՀ կրթության և գիտության նախարարությունը նախատեսում է 2019/2020 ուսումնական տարվա համար ՀՀ կառավարության հաստատմանը ներկայացնել 140 տեղ` ասպիրանտական կրթական ծրագրով ուսումնառությունը առկա ուսուցմամբ կազմակերպելու նպատակով:
Հայաստանի Հանրապետությունում 2019/2020 ուսումնական տարվա ասպիրանտուրա ընդունելության նպաստի ձևով ուսման վճարի փոխհատուցմամբ /անվճար/, առկա ուսուցմամբ տեղերը նախագծելիս նախապատվությունը տրվել է տնտեսության զարգացման համար առաջնային կարևորություն ունեցող բնագավառների մասնագիտություններին, ինչպիսիք են՝ տեղեկատվական տեխնոլոգիաները, բնագիտական, տեխնիկական, հայագիտական և այլն:
Համաձայն կառավարության հիմնավորման՝ ըստ բուհերի ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել համապատասխան մասնագիտությունների գծով աշխատաշուկայում առկա պահանջարկը, բարձրագույն և հետբուհական մասնագիտական կրթություն իրականացնող ուսումնական հաստատություններում մագիստրոսի բարձր առաջադիմություն ունեցող շրջանավարտների թիվը, ինչպես նաև մասնագիտությունների թիվը, որոնցով բարձրագույն ուսումնական հաստատություններն ու գիտահետազոտական ինստիտուտները իրականացնում են ասպիրանտական կրթական ծրագիր:
Բուհերում և գիտահետազոտական ինստիտուտներում պահուստային տեղերի հատկացումը պայմանավորված է ընդունելության ժամանակ առաջացած մրցույթի արդյունքում հավասար միավորներ ունենալու դեպքում տեղերի բաշխման նպատակով և բաշխումն իրականցվում է ընդունելության մրցույթի անցկացմանը զուգընթաց:
Ընդունելության տեղերը ձևավորելիս հաշվի են առնվել ՀՀ կառավարության ծրագրով պետության համար առաջնային և կարևորություն ունեցող ոլորտները համապատասխան մասնագետներով ապահովելը, մասնավորապես տեղեր են հատկացվել՝ բնագիտական ոլորտին- 34,տեխնիկական- 27 տեղ:
Վարչապետը հիշեցրեց, որ կառավարության գերակայությունը տեխնոլոգիական ոլորտում գյուղատնտեսությունն ու զբոսաշրջությունն են:
Վարչապետն ասաց, որ պետք է ուշադիր լինել, որ իներցիոն երևույթները սովորական չդառնան: «Երբեմն մենք չենք կարողանում հոդաբաշխ բացատրել, թե ինչու ենք այս ոլորտում այդքան անվճար տեղ հատկացնում։ Հաջորդ տարի այս որոշումը պետք է կայացվի բոլորովին ուրիշ վերլուծությունների հիման վրա, համալսարաններին նեղացնելու քաղաքականությունից պետք է դուրս գանք: Մի քիչ կոպիտ է ստացվում, բայց մեր երկրում համալսարանները մեր հանրությանը բավարար չափով նեղացրել են և պետք է ոչ-ոքի տրամաբանությունից դուրս գանք և երկարաժամկետ մտածենք ․․․ Մենք որոշակի երաշխիքներ պետք է ապահովենք, որ բուհն ավարտած ուսանողի աշխատանք գտնելու շանսերը բարձր լինեն, այսօր միջազգային ասպարեզում ներառված բուհերի համար դա կարևոր չափանիշ է: Մենք պետք է այս տրամաբանությամբ շարժվենք, այնպես որ, եկեք պայմանավորվենք, որ մենք այս որոշումը կայացրինք, քիչ թե շատ բնականոն ընթացքը ապահովեցինք, բայց պետք է նվիրվենք մյուս տարի այս նախագիծը բովանդակային առումով ձևափոխելուն»,- ասաց վարչապետը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը