24 01 2019

Իմ տեղակալին պարգևատրել եմ աշխատավարձի 180 տոկոսով, որի համար պատասխանատու եմ. Սմբատ Գոգյան



Բարձրագույն որակավորման կոմիտեն նախատեսում է ընթացիկ տարվա սեպտեմբերից գործարկել գիտական թեզերի պաշտպանությունների գործերի ընդունման, պրոցեսի կազմակերպման օնլայն համակարգը: Այս մասին հունվարի 24-ին լրագրողների հետ զրույցում այս մասին նշեց ՀՀ ԿԳՆ բարձրագույն որակավորման կոմիտեի նախագահ Սմբատ Գոգյանը:

«Աշխատանքներն արդեն սկսել ենք: Համակարգը գործարկելուց հետո հայցորդը կարող է իր գործողություններն առ ցանց իրականացնել՝ կապի մեջ լինելով ԲՈԿ-ի հետ: Այդ ամենը պետք է լինի թափանցիկ: Մենք կստեղծենք մի հարթակ, որտեղ բոլոր գործընթացները պարզ կերևան: Եթե իրավական հարցերը կարգավորվեն, ապա ցանկանում ենք այնպես անել, որ պաշտպանության պրոցեսը լինի ուղիղ հեռարձակմամբ, հարցեր տալու հնարավորություն լինի ոչ միայն խորհրդի կազմում ընդգրկված անձանց կողմից, այլև ցանկացած գիտնականի»,-ասաց Սմբատ Գոգյանը:

ԲՈԿ-ի նախագահը նշեց, որ ատենախոսությունների պաշտպանության կարգի հետ կապված որոշ փոփոխություններ են եղել: Հնարավորություն տրվեց հայցորդին առաջ քաշել երեք թեկնածուի անուն, որոնք պատրաստ են կարծիք հայտնել ատենախոսության վերաբերյալ: Պատճառն այն էր, որ բողոքներ կային նախկին կարգից:

Նա տեղեկացրեց, որ 2016թ. ՀՀ-ում պաշտպանվել է 465 ատենախոսություն, 2017թ.` 394, իսկ 2018-ին` 359: Ըստ նրա՝ 2018-ին իր պաշտոնավարման շրջանում, մերժվել է 6 ատենախոսություն` արտագրությունների և հղումների հետ կապված պատճառներով: Իչնպես նաև ավելացրեց, որ ԲՈԿ-ում մի քանի խնդրահարույց գործեր կան, և հնարավոր է, որ մերժված ատենախոսությունների թիվը աճի:

Սմբատ Գոգյանն անդրադարձավ նաև պարգևավճարների թեմային: Նրա խոսքով ամբողջ աշխատակազմը ստացել է 80 տոոկոս պարգևավճար, ինքը չի ստացել, իսկ իր տեղակալը ստացել է աշխատավարձի 180 տոկոսի չափով պարգևավճար, որի համար պատասխանատու է, քանի որ ըստ Գոգյանի նա գալիս էր աշխատանքի առավոտյան 8:30-ից և ամենաուշը գնում:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ