Հունվարի 22-ին ԵՊՀ-ում հոգաբարձուների խորհրդի նիստ էր: Օրակարգում էր ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահի և քարտուղարի ընտրության հարցը: ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահ միաձայն ընտրվեց Գևորգ Մուրադյանը:
Հիշեցնենք, որ մինչև այս ԵՊՀ հոգաբարձուների խորհրդի նախագահն էր ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը:
ԵՊՀ քարտուղար ընտրվեց Արթուր Իսրայելյանը:
Ներկայացնելով տարեկան հաշվետվությունը` ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը նշեց, որ, ձեռքբերումներին զուգահեռ, եղել են նաև բացթողումներ: Նրա խոսքով` շարունակում է նվազել գիտական գործունեությամբ զբաղվող գիտաշխատողների մեջ 35-55 տարեկանների թիվը:
Նրա խոսքով` շարունակում է ցածր մնալ գիտական ծրագրերում ասպիրանտների ընդգրկվածությունը, իսկ առաջատար գիտաշխատողների տարիքը բարձր է մնում:
ԵՊՀ ռեկտորը նշեց, որ իրենց հասած տեղեկություններով` կառավարությունը վերջերս հաստատել է կամ հաստատելու է բազային ֆինանսավորումը հիմնադրամներում մրցութային դարձնելու առաջարկը: Նման առաջարկն օրենքի ուժ ստանալու դեպքում, ըստ Սիմոնյանի, ԵՊՆ-ն ամսական կկորցնի 50 մլն դրամ:
«Բազային ֆինանսավորման 401 աշխատակիցների առնվազն կեսը կդառնա գործազուրկ, քանի որ դժվար է պատկերացնել, որ ԵՊՀ-ն նախկինի նման տեմպերով կկարողանա հաղթել մյուս մրցակիցներին բազային ֆինանսավորման ոլորտում: Սա շատ ծանր հետևանք կարող է ունենալ գիտության զարգացման վրա»,- ասաց Սիմոնյանը` հավելելով, որ խնդրում է հոգաբարձուների խորհրդի բոլոր անդամներին` անել ամեն ինչ, որպեսզի ֆինանսների նախարարության այդ առաջարկը կյանքի չկոչվի:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը