15 10 2018

Հեռակա ուսուցում այլևս չի լինի. ԿԳ փոխնախարար

Հեռակա ուսուցում այլևս չի լինի. ԿԳ փոխնախարար

ՀՀ կրթության և գիտության նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը հոկտեմբերի 15-ին հանդիպում է ունեցել ոչ պետական բուհերի ռեկտորների հետ: Փոխնախարարը նշել է, որ նախորդ քննարկման ընթացքում հստակ առաջադրանք էր դրվել՝ նոր փոփոխությունների և հատկապես «Բարձրագույն կրթության մասին» նոր օրենքի լույսի ներքո մտածել բուհերի խոշորացման և վերամիավորումների մասին:

«Նոր օրենքի անհրաժեշտությունն այսօր ակնհայտ է, որի ուղղությամբ ներկայումս աշխատանքներ են իրականացվում: Դրա կարևոր առանձնահատկություններից մեկն այն է, որ հեռակա ուսուցում այլևս չի լինի, ինչը հնարավոր է որոշակի դժվարություններ առաջացնի ոչ միայն մասնավոր, այլ նաև պետական բուհերի համար: Սակայն այստեղ մեր որդեգրած քաղաքականությունը հստակ է՝ Հայաստանում կրթությունն այլևս չի լինելու սոցիալական ֆունկցիա կատարող ոլորտ. հիմնական շեշտադրումը լինելու է կրթության որակի վրա: Այսինքն՝ կրթության և գիտության նախարարությունը լինելու է կրթության որակ ստուգող, իրականացնող, պահանջող և քաղաքականություն մշակող մարմին: Սոցիալական հարցերը, իհարկե, չեն անտեսվելու, բայց նաև դրանք առաջնային տեղում չեն լինելու»,- նշել է Հովհաննես Հովհաննիսյանը՝ անդրադառնալով նաև բուհերի հավատարմագրման գործընթացին:

«Պետք է հստակեցվեն ինստիտուցիոնալ և ծրագրային հավատարմագրման թե՛ պահանջները, և թե՛ հետևանքները: Եթե գնում են կրթության որակի բարելավմանն ուղղված քայլերի, ապա էական չէ՝ ինչպիսին է բուհը. բոլորը պետք է ենթարկվեն խաղի նույն կանոններին՝ և՛ պետական, և' ոչ պետական բուհերը: Այսօր խնդիր ունենք նաև լիցենզավորման հետ կապված. քանի որ հստակ սահմանված չէ հավատարմագրման շեմը: Այս հարցում հատկապես խնդրահարույց է բժշկական մասնագիտությունների հարցը. շատ հաճախ մեկ բուհի անպատասխանատու գործունեությունը վնասում է մնացած բոլորին: Պետք է հստակ գիտակցենք, որ այլևս որևէ անպատասխանատու քայլ անհետևանք չի մնալու: Որևէ բուհի նկատմամբ մենք չունենք վերապահում, որևէ բուհ մյուսից առավել չէ »,- նշել է նախարարի տեղակալը:

Հովհաննես Հովհաննիսյանը նաև հորդորել է բուհերի միջազգայնացման գործընթացում ապահովել բուհերի օտարալեզու ծրագրերի թափանցիկությունը և տեսանելիությունը՝ օտարերկրյա ուսանողներ ներգրավելու համար:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ