Այս տարի դիմորդների թիվը եղել է 5456, որից ուսանող են դարձել 4616-ը, իսկ բուհերում եղել է 21.000 ուսանողի տեղ: Այս մասին օգոստոսի 3-ին լրագրողների հետ զրույցում ասաց Կրթության և գիտության նախարարության գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը:
Կարո Նասիբյանն ասաց, որ դիմորդների մեծ մասը՝ 1701-ը ցանկացել է սովորել Երևանի պետական համալսարանում, որոնցից 1496-ը դարձել է ուսանող: Հաջորդ համալսարանը, որի համար դիմել են երիտասարդները, Ազգային պոլիտեխնիկական համալսարանն է՝ 558 դիմորդ, որից ընդունվել է 476-ը:
Իսկ երրորդ տեղում Երևանի պետական բժշկական համալսարանն է, որտեղ դիմել է 517 հոգի, ընդունվել՝ 418-ը: 156 դիմորդ էլ կտրվել է քննություններից և որևէ տեղ չի դիմել:
Մարզերի վիճակագրությունը, Կարո Նասիբյանի փոխանցմամբ, հետևյալն է. Երևանից դիմել է 1964 շրջանավարտ, ընդունվել՝ 1610-ը, Կոտայքի մարզից դիմել է 445 հոգի, ընդունվել է 408-ը: «Մնացած մարզերից դիմորդների թիվը տոկոսային առումով իրար հետ վերցրած չի գերազանցում Երևանի թիվը»,- նշեց նա:
Նասիբյանը շեշտեց՝ առաջին անգամ նկատվել է, որ ավագ դպրոցի աշակերտներն ավելի ցածր միավորներ են ստացել, քան միջնակարգ դպրոցներինը։ Ավելի բարձր են վարժարանների աշակերտների ցուցանիշները։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը