11 07 2018

Ուսանողները դժգոհ են Կրթության և գիտության նախարարության կազմակերպած մրցույթից

Ուսանողները դժգոհ են Կրթության և գիտության նախարարության կազմակերպած մրցույթից

Նախորդ ամսվա վերջին ԿԳ նախարարությունը հայտարարեց պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար դիմորդների մրցութային գործընթացի մեկնարկի մասին:

Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար հայտ էր ներկայացրել շուրջ 220 դիմորդ: 

Սակայն մի շարք ուսանողների մրցույթի արդյունքները չեն գոհացրել: Ուսանողները դժգոհություն ունեն, որ այս ընթացքում տեղի են ունեցել մի շարք խախտումներ:

Ուսանողների բողոքների մասին հուլիսի 10-ին խոսեց ԿԳ նախարար Արայիկ Հարությունյանը՝ մասնավորապես նշելով, որ տարկետման հետ կապված երիտասարդների բողոքները քննվել են, տրվել են պատասխաններ. «Ըստ էության, դրանք հիմնականում հարցազրույցից են: Հարցազրույցը միշտ խնդրահարույց է լինում, որովհետև յուրաքանչյուրն իր կարծիքն ունի: Տարկետման իրավունքի հստակ չափանիշներ են դրված, բոլոր հարցերը մանրամասն քննարկվել են և տրվել են պատասխաններ»:

Իսկ հանձնաժողովի աշխատանքի հետ կապված բողոքների մասին Հարությունյանն ասաց, թե այնքան ներկայացուցչական է եղել հանձնաժողովը, այնքան տարբեր և վստահելի մարդիկ են այնտեղ եղել, որ որևէ կողմնակալություն չէր կարող լինել:

Ըստ էության, մինչ այժմ ստացած պատասխանները չեն գոհացրել ուսանողներին: Նրանք առանձին դիմում են ուղարկել նաև վարչապետ Փաշինյանին: Դիմումի տակ ստորագրել է ութ ուսանող: Փաստաթղթում ուշադրություն են դարձրել մի քանի կարևոր կետերի՝ նշելով խախտումների մասին:

«…Հանձնաժողովին աջակցող խմբում ներգրավված են եղել փոխկապակցված անձինք, որոնք ևս մասնակցել են մրցույթին և ստացել դրական եզրակացություն…     ՀՀ ԿԳ նախարարությունը, խախտելով կառավարության 451-Ն որոշման պահանջը, այն է՝ ներկայացնել դիմումները և կից փաստաթղթերը մինչև հաստատված վերջնաժամկետը՝ հունիսի 8-ը, որոշ դիմորդներից ընդունել է կից փաստաթղթեր հանդիսացող տեղեկանքներ, հոդվածներ առանց վերջնաժամկետ սահմանող պատշաճ ծանուցման: Ի հակառակ դրան, որոշ մասնակիցների դեպքում չեն ընդունվել այն փաստաթղթերը, որոնք թեև համապատասխանում են բոլոր չափանիշներին (3 տարվա ընթացքում կատարված գիտական աշխատանքները), սակայն տեղեկանքները` գիտական միջոցառումների կազմակերպիչների կողմից ուշ տրամադրելու պատճառով տրամադրվել են վերջնաժամկետից հետո»,- նշված է վարչապետին հասցեագրված նամակի մեջ:

Դիմորդները բողոքի ակցիաներ են իրականացրել կառավարության շենքի առջև, հանդիպել վարչապետի օգնական Նաիրի Սարգսյանին: Ապա վարչապետը հանձնարարել է, որ խնդրով զբաղվի պետական վերահսկողության ծառայության պետ Դավիթ Սանասարյանը:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ