Պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու նպատակով՝ գիտության և կրթության բնագավառներում նշանակալի նվաճումները և ձեռքբերումները գնահատելու համար մեկնարկել է դիմորդների մրցութային գործընթացը: Այս մասին տեղեկացնում է ԿԳ նախարարությունը:
Մինչ հարցազրույցի մեկնարկը համապատասխան հանձնաժողովը, որի կազմում ընդգրված են ՀՀ կրթության և գիտության և պաշտպանության նախարարությունների, ինչպես նաև գիտության և կրթության բնագավառների հեղինակավոր մասնագետներ, գումարել է նիստ:
Նախարար Արայիկ Հարությունյանը շնորհակալություն է հայտնել հանձնաժողովի անդամներին համատեղ գործունեության համար և նրանց մաղթել արդյունավետ աշխատանք:
Այնուհետև ԿԳ նախարարի տեղակալ Հովհաննես Հովհաննիսյանը ներկայացրել է հարցազրույցի անցկացման ընթացակարգը՝ ընդգծելով, որ որպես հիմնական մարտավարություն՝ որդեգրվել է անաչառության և սոցիալական արդարության պահպանման սկզբունքը:
«Որպես հանձնաժողովի անդամներ՝ ընտրվել են անբասիր կենսագրություն ունեցող մասնագետներ, հետևաբար վստահ ենք, որ մրցույթը սահուն է անցնելու: Ստուգվելու են ուսանողների մոտիվացիան կրթության շարունակականության և գիտության ասպարեզում, ինչպես նաև՝ գիտելիքները»,- ընդգծել է նախարարի տեղակալը:
Նշենք, որ մրցույթի կազմակերպման նպատակով ձևավորվել է երկու հանձնաժողով՝ հումանիտար և բնագիտական ուղղություններով: Մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսումնառության ընթացքում պարտադիր զինվորական ծառայության զորակոչից տարկետում ստանալու համար անցկացվող մրցույթին մասնակցելու համար հայտ է ներկայացրել շուրջ 220 դիմորդ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը