Մայիսի 29-ի առավոտից բողոքի ակցիա էր ընթանում ԵՊՀ-ում: «ԵՊՀ ռեստարտ» նախաձեռնության անդամ ուսանողները դասադուլ են հայտարարել և մի քանի պահանջ են առաջ քաշել՝ ռեկտորի հրաժարական, բուհի հոգաբարձուների խորհրդի լուծարում, համալսարանում աուդիտի անցկացում, ուսանողական խորհդրի և Արհմիության լուծարում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը հանդիպեց և լսելց ուսանողների պահանջները: ԵՊՀ գիտխորհրդի նիստերի դահլիճում տեղի ունեցած հանդիպմանը մասնակցում էին նաև որոշ դասախոսներ, ովքեր ևս դժգոհ են բուհի կառավարումից:
Դասադուլ անող ուսանողները նշում էին, որ մայր բուհում կան բազմաթիվ խնդիրներ՝ կրթության ցածր որակ, կենցաղային ոչ արժանապատիվ պայմաններ, ֆինանսների անարդյունավետ օգտագործում, ակադեմիական միջավայրի բացակայություն, դասախոսների և ուսանողների հետապնդումները քաղաքական հայացքների համար, բուհ-ի և նրա մի շարք կառույցների կուսակցականացվածությունը:
«ԵՊՀ Ռեստարտ» նախաձեռնության կազմակերպիչներից Դավիթ Պետրոսյանը Արամ Սիմոնյանին դիմելով՝ ասաց. «Մենք մոտ մեկ ամիս սպասեցինք, հուսով էինք, որ համալսարանում տեղի կունենան որոշակի բարեփոխումներ: Նախաձեռնություն կլինի ղեկավար կազմից, ինչ-որ հայտարարություններ կլինի ուսանողներին աջակցելու, բայց մենք էլի շարունակում ենք ուսանողներից, դասախոսներից ստանալ զանգեր, որում նշվում է, որ մարդիկ, որոնք մասնակցել էին ցույցերի, մեղմ ասած, լավ վերաբերմունքի չեն արժանանում: Այս պայմաններում, հաշվի առնելով ԵՊՀ-ում բազմաթիվ խնդիրների առկայությունը՝ մեզ այլ բան չի թողնում, քան պահանջել ղեկավար կազմի՝ այդ թվում՝ ռեկտորի հրաժարականը»:
Ուսանողները այնուհետև մի շարք հարցեր ուղղեցին Արամ Սիմոնյանին՝ նշելով, որ նա համալսարանում առկա իրավիճակին չի տիրապետում:
ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը բոլոր մեղադրանքները լսելուց հետո հայտարարեց, որ ուսանողների պահանջներն իրավաչափ չեն: Ինչ վերաբերում է իր հրաժարականին, ապա, Սիմոնյանի խոսքով, դա կարող է լինել երկու դեպքում. «Երբ ռեկտորը դիմում է տալիս, և հոգաբարձուների խորհուրդը հետ է կանչում նրան ու քվեարկում, որպեսզի նա թողնի պաշտոնը: Երկու դեպքն էլ իրավական հողի վրա են: Ես օրինապաշտության կողմնակից եմ և կարծում եմ՝ ամեն ինչ պետք է օրենքով արվի»,- ասաց Սիմոնյանը:
Խոսելով հոգաբարձուների խորհրդի լուծարման մասին՝ նա ասաց, որ խորհուրդն ընտրում է կառավարությունը, ոչ թե ռեկտորը:
Հարց ու պատասխանից հետո, երբ Արամ Սիմոնյանը ցանկացավ հեռանալ դահլիճից, ուսոնղները փակեցին նրա ճանապարհը՝ թույլ չտալով դուրս գալ: Ինչին ի պատասխան Սիմոնյանհը նշեց, որ դա արդեն դեմոկրատիա չէ, այլ բռնություն, ավելին՝ հաշվեհարդար է իր նկատմամբ քաղաքական գաղափարների համար:
Ի վերջո, ուսանողները թողեցին նրան դուրս գալ տարածքից, իսկ ուսանողները խոստացան պայքարել, քանի դեռ Արամ Սիմոնյանը հրաժարական չի տվել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը