17 03 2022

Պատմության ուսուցչի գործով դատարանում ցուցմունք տվեցին նրա աշակերտները. Hetq.am

Պատմության ուսուցչի գործով դատարանում ցուցմունք տվեցին նրա աշակերտները. Hetq.am

Hetq.am-ը գրում է.

Երևանի թիվ 129 դպրոցի պատմության արդեն նախկին ուսուցիչ Հակոբ Գրիգորյանը, դատական նիստերի դահլիճ մտնելով, նախ իր մեղադրանքը պաշտպանող դատախազի, հետո՝ դահլիճում գտնվող մյուս կանանց միամսյակը շնորհավորեց: Քիչ անց դահլիճ եկան նաև դպրոցի սաները՝ ծնողների հետ:

«Էրեխեքս են»,- ասաց Հակոբ Գրիգորյանը, ու ժպիտ հայտնվեց դեմքին: Պատմության ուսուցիչն այս պահին չի աշխատում. իր վերաբերյալ քրեական գործի հարուցումից հետո դիմում է գրել ու դուրս եկել դպրոցից: Նրան մեղադրում են Հայատանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և նրա ընտանիքի հասցեին բռնության հրապարակային կոչեր անելու մեջ: Ուսուցիչը 7-րդ դասարանի աշակերտների հետ դասի ընթացքում խոսել է 44-օրյա պատերազմի, Շուշին հանձնելու մասին ու ասել, որ Նիկոլ Փաշինյանին ու ընտանիքին պետք է հրապարակում վառել: Դասի որոշ հատված, որի ընթացքում պատմության ուսուցիչն արել է նրա մեղադրանքի հիմքում դրված արտահայտությունը, ձայնագրել են ու ձայնագրությունը տեղադրել «Ֆեյսբուք»-ում: Հայտնի չէ, թե ուսուցչին ով է ձայնագրել: Ուսուցիչն իր գործով առաջին դատական նիստին առանց պաշտպանի է մասնակցել: Հայտնել է, որ զղջում է իր խոսքերի համար: Այժմ նրա շահերը դատարանում պաշտպանում է փաստաբան, «Իրավական ուղի» հասարակական կազմակերպության համահիմնադիր Ռուբեն Մելիքյանը:

Այսօրվա դատական նիստի ընթացքում ցուցմունք տվեց դպրոցի 4 աշակերտ, բոլորը՝ մինչև 14  տարեկան: Դատարանը, նախագահությամբ դատավոր Մնացական Մարտիրոսյանի, միջոցներ էր ձեռնարկել երեխաների հարցաքննության տեսաձայնագրման համար. դատարանում «Դատական դեպարտամենտը» տեսաձայնագրություն էր իրականացնում: Դատարան նաև հոգեբան էր հրավիրվել. մինչև 14 տարեկան երեխաները հարցաքննվում են հոգեբանի մասնակցությամբ:

Դատարան հրավիրված վկա երեխաները և վերջիններիս օրինական ներկայացուցիչները նիստի մեկնարկին դուրս եկան դահլիճից. դա օրենքի պահանջն է: Մինչ հարցաքննության կհրավիրվեր երեխաներից որևէ մեկը, դատարանը հոգեբանից ճշտեց՝ գուցե երեխաները կաշկանդված են կամ վախեցած: Իսկ երեխաներից մեկն իսկապես կաշկանդված էր: Մինչև նիստի մեկնարկը, դատարանի միջանցքում ասում էր, որ ներս չի գնալու: Երեխայի դեմքից ակնհայտ էր, որ խիստ հուզված է դատարանում հայտնվելու փաստից: Ծնողներն էլ նեղսրտեցին, որ երեխային այդ տարիքում դատարան են կանչել: Հետո երեխան ասաց, որ չի ցանկանում տեանկարահանվել: Երեխայի հետ միջանցքում զրուցելուց հետո որոշվեց, որ նա առաջինը չի գնա հարցաքննության. առաջինը ներս մտավ երեխաներից նա, ով պատրաստակամություն հայտնեց:

Վկա Արտակ Կարապետյանը (անունը փոխված է-հեղ․) դատարանին հայտնեց, որ Հակոբ Գրիգորյանն իր սիրելի ուսուցիչներից մեկն է: Երեխան ասաց, որ ուսուցիչը պատերազմի հետ կապված ինչ-որ բան է խոսել, բայց հստակ չհիշեց, թե ինչ: Երբ երեխային հարցրին՝ քննիչի մոտ ցուցմունք տալիս ճի՞շտ ես ասել, դատավոր Մնացական Մարտիրոսյանը նրան հորդորեց ազատորեն խոսել, որովհետև ոչ ոք իր տված ցուցմունքների համար անգամ իրավունք չունի նրան դիտողություն անել: Երեխան ասաց, որ ճիշտն է պատմել քննիչին: Հետո դատավորը փորձեց պարզել՝ երեխան չի՞ հուզվի, չի՞ նեղվի, եթե դատարանում հրապարակվի քննիչի մոտ նրա տված ցուցմունքը, երեխան ասաց, որ չի նեղվի:

Նախաքննական ցուցմունքում վկան պատմել էր, որ միայն մեկ անգամ է եղել, որ ընկեր Գրիգորյանը բարկացած է եղել ու խոսել է Շուշին տալու մասին, սակայն այդ պահին նա ուղղակի ջղայնացած է եղել, ուսուցչի խոսքերն իր վրա տպավորություն չեն թողել:

Երկրորդը հարցաքննվեց այն երեխան, որը, ինչպես արդեն վերը նշեցինք, չէր ցանկանում հարցաքննվել: Մինչ երեխան դահլիճ կմտներ, հոգեբանն ասաց, որ նա չի ցանկանում տեսանկարահանվել: Դատավոր Մնացական Մարտիրոսյանը լրատվամիջոցներին խնդրեց դադարեցնել տեսանկարահանումը: Երեխայի հարցաքննության ընթացքում տեսաձայնագրություն իրականացնում էր միայն Դատական դեպարտամենտը: Դատավորը երեխային պարզաբանեց, որ այդ տեսաձայնագրությունը միայն գործին կցելու համար է, երեխային լրատվամիջոցներով «ցույց չեն տալու»:

Երեխան ասաց, որ պատմության դասի օրը իրենց ուսուցիչն ուղղակի նեղված է եղել ու ցանկություն է ունեցել «կիսվել իրենց հետ», իսկ նրա խոսքերը իրենց՝ երեխաների մեջ չի տպավորվել:

Դատախազ Վանուհի Փայտյանը հարցեր տալուց առաջ փորձեց երեխային գործին չառնվող հարցեր տալ, օրինակ՝ սիրո՞ւմ է պատմության դասը, թե՝ ոչ, որպեսզի երեխան իրեն անկաշկանդ և ապահով զգա:

Երեխան ասաց, որ չգիտի՝ իրենց ուսուցիչն ինչի վրա էր բարկացած, չհիշեց՝ օրվա դասից դուրս արտահայտություն արե՞լ է, մեկին վիրավորե՞լ է, թե՝ ոչ: Երեխան հայտնեց, որ քննիչին իրականությունն է պատմել: Վկայի հարցաքննության ժամանակ հարցեր տալիս ուսուցչի փաստաբան Ռուբեն Մելիքյանը ցանկանում էր ոտքի կանգնած հարցերը տալ, սակայն դատավոր ՄՆացական Մարտիրոսյանը նշեց, որ հարցերը կողմերը պետք է նստած տան: Մելիքյանն այս դիրքորոշմանն առարկում է: Չնայած այդ հանգամանքին՝ չցանկացավ երեխաների ներկայությամբ բանավիճել ու նստած տվեց հարցերը: Մելիքյանը հետաքրքրվեց՝ դատարանում հարցաքննվող վկան ընկեր Գրիգորյանից ի՞նչ է սովորել: «Որ հայրենասեր լինենք»,- պատասխանեց երեխան: Վերջինս ասաց, որ ուսուցիչը հայրենիքը կորցնելուց էր նեղվել, նա պատերազմի մասնակից է եղել:

Դատարանում հարցաքննված մյուս վկան ևս մանրամասներ չհիշեց ուսուցչի խոսքերից, նա ևս հայտնեց, որ ուսուցիչը մեկ անգամ է իրենց հետ խոսել պատերազմի թեմայով, դատարանին հայտնեց, որ երեխաներից մեկն է հարց տվել և ուսուցիչը պատասխանել է:

Այս երեխան նախաքննության ընթացքում քննիչին պատմել է, որ պարոն Գրիգորյանը շատ է զայրացել ու ասել է, որ Նիկոլը դավաճան է, իրեն պետք է վառել երկրում տիրող իրավիճակի համար: Երեխայի մայրը դատարանին հայտնեց, որ իրեն տեղյակ չեն պահել այն մասին, որ երեխան հարցաքննվում է:

Հարցաքննված 4-րդ վկան ասաց, որ ինքը ոչ մի բան չի հիշում, պատմության դասին էլ ուշադիր չի եղել: Երեխան նախաքննության ընթացքում ծնողի ներկայությամբ ցուցմունք է տվել ու հայտնել, որ պատմության ուսուցիչը դասերի ընթացքում քննադատում էր Նիկոլ Փաշինյանին, հերթական դասի ժամանակ քննադատել է ու ասել, որ նրա ընտանիքին պետք է վերացնել, բայց նրա խոսքերն իր վրա ազդեցություն չեն գործել: Ուսուցիչն, ըստ երեխայի ցուցմունքի, նաև իրենց հորդորել է լավ սովորել, որ Նիկոլ Փաշինյանի նման չլինեն:

Երեխան դատարանին հայտնեց, որ քննիչին ասածը ֆեյսբուքում տեղադրված ձայնագրությունից է պատմել: Դատախազը հարցրեց՝ դու սովորաբար ինչ ասում ես, ճի՞շտ ես ասում:

«Մեկ-մեկ խաբում եմ, բաներ կան՝ խաբել եմ»,- պատասխանեց երեխան:

Նշենք, որ երեխաների ցուցմունքներից պարզ է դառնում, որ վերջիններիս հարցաքննության ժամանակ կողմնակի անձինք, մասնավորապես՝ ուսուցիչներ են ներկա եղել սենյակում, ինչպես նաև՝ տնօրենը, որն այս գործով վկա է: Սա այն դեպքում, երբ Քրեական դատավարության օրենսգիրքը սահմանում է, որ վկաները հարցաքննվում են միմյանցից անջատ և դեռևս չհարցաքննված վկաների բացակայությամբ:

Այսօրվա նիստի ընթացքում խոսեց նաև ամբաստանյալ Հակոբ Գրիգորյանը: Ուսուցիչն ասաց, որ կիսով չափ արցախցի է, մայրը Հադրութից է, Արցախում կռվել ու վիրավորվել է: «Հայրենիքիս հանդեպ ցավը ստիպեց, որ ես այդպես խոսեմ»,- դատարանին բացատրեց Հակոբ Գրիգորյանը:

Ավելին՝ սկզբնաղբյուր կայքում:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ