Դատախազությունը համաձայն չէ հայտնի իշխանական գործարար, պատգամավոր Խաչատուր Սուքիասյանի եղբորը՝ Ռոբերտ Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու մասին որոշմանը, պահանջում են նրան կրկին կալանավորել, հայտնում է «Փաստինֆո»-ն։
Ռոբերտ Սուքիասյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշում կայացրել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Վաչե Մարգարյանը՝ գրավի չափ սահմանելով 50 մլն դրամը (ավելի քան 100 հազար դոլար), ինչը վճարելուց հետո Սուքիասյանն ազատ է արձակվել։
ՀՀ գլխավոր դատախազի՝ ԶԼՄ-ների հետ կապերի գծով խորհրդական Գոռ Աբրահամյանը «Փաստինֆո»-ին հայտնել է, որ դատախազությունը պատրաստվում է վերաքննիչ բողոք ներկայացնել՝ Սուքիասյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանավորումը գրավով փոխարինելու մասին որոշման դեմ։
Խաչատուր Սուքիասյանի եղբոր մասնակցությամբ զինված միջադեպը տեղի էր ունեցել հուլիսի 18-ին՝ մի կնոջ ավտոմեքենան կայանելու հարցի շուրջ առաջացած տարաձայնության պատճառով։ Կինը ամուսնուն բողոքել էր, թե իրեն վիրավորել են և նա ընկերների հետ, որոնց թվում եղել է նաև Սուքիասյանի եղբայրը, պարզաբանումների էր կանչել կնոջ կողմից մատնանշված երիտասարդներին։ Հնչել էին կրակոցներ, որի հետևանքով կան նաև տուժածներ։ ՔԿ պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հրազենը կիրառել է Ռոբերտ Սուքիասյանը, որին մեղադրանք է առաջադրվել զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու մեջ, իսկ «BROWNING» տեսակի հրազենը, որը գտնվել է վերջինիս մոտ, եղել է օրինական հիմքով։
«Փաստինֆո»-ն ավելի հայտնել է, որ դա եղել է Արցախի նախագահ կողմից որպես պարգև տրված զենք։ Թե ինչ ծառայությունների համար է Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը զենքով պարգևատրվել Խաչատուր Սուքիասյանի եղբորը, պարզ չէ, սակայն հայտնի է, որ այն օգտագործվել է Երևանի կենտրոնում՝ «ռազբորկայի» ժամանակ։
Վարույթն իրականացնող մարմինը մեղադրանք է առաջադրել Ռոբերտ Սուքիասյանին ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 4-րդ մասով՝ զենքի գործադրմամբ խուլիգանություն կատարելու հատկանիշներով և նրա նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու մասին միջնորդություն ներկայացրել դատարան, որը բավարարվել է, բայց փաստացի, նա կալանքի տակ չի գտնվում արդեն շուրջ երկու ամիս։
Քրեական գործով մեղադրանք է առաջադրվել նաև 46-ամյա տղամարդու և տուժող Նարեկ Կարապետյանին։ Սույն քրեական գործով տուժող կողմը ԱՄՆ քաղաքացիներ են, և գործի ընթացքին Հայաստանում ԱՄՆ դեսպանատունն առանձնահատուկ ուշադրություն է դարձնում։ Թերևս, դա էլ հաշվի առնելով, իշխանությունները որոշել էին Խաչատուր Սուքիասյանի եղբորը ձևականորեն կալանավորելու որոշում կայացնել՝ ամերիկացիներին ցույց տալու, թե իբր օբյեկտիվ քննություն են իրականացնում, սակայն գործնականում իշխանական օլիգարխ-պատգամավորի եղբայրը արգելանքի տակ չէր գտնվում, վերջինս իր կալանավորման ժամկետն անցկացրել է քաղաքացիական հիվանդանոցում։
Քրեական գործով վարույթն իրականացնող մարմինը նախաքննության ավարտ է հայտարարել և փոխել Խաչատուր Սուքիասյանի եղբոր մեղադրանքի նկարագրությունը՝ նշելով, թե իբր վերջինս դեպքի վայրում հայտնվել է պատահաբար, սակայն զենքի գործադրմամբ խուլիգանության հոդվածը չի վերաորակել։ Նախաքննության ավարտից առաջ վարույթն իրականացնող մարմինը դադարեցրել է մեղադրյալներից մեկի նկատմամբ քրեական հետապնդումը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը