17 09 2021

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան

Հայաստանն ընդդեմ Ադրբեջանի գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան

Հայաստանի Հանրապետությունը գանգատ է ներկայացրել ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարան ընդդեմ Ադրբեջանի՝ Խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիայի խախտման հիմքով:

Միաժամանակ Հայաստանը խնդրել է դատարանին կիրառել մի շարք հրատապ միջոցներ՝ այդ թվում ռազմավարի պուրակի փակումը և ռազմագերիներին ու պահվող քաղաքացիական անձանց վերադարձը:

Հայցում ասվում է, որ Ադրբեջանը խախտել է Ռասայական խտրականության բոլոր ձևերի վերացման միջազգային կոնվենցիան, որն ընդունվել է ՄԱԿ -ի Գլխավոր ասամբլեայի կողմից 1965 թ. Հայցում նշվում է, որ տասնամյակներ շարունակ Ադրբեջանը հայերին ռասայական խտրականության է ենթարկել, իսկ Ադրբեջանի ատելության քաղաքականության արդյունքում հայերը համակարգված ենթարկվել են խտրականության, կոտորածների, խոշտանգումների և բռնության այլ տեսակների:

2020 թվականի սեպտեմբերին Ադրբեջանը կրկին խախտեց կոնվենցիան երկրների միջև զինված հակամարտության ընթացքում:

«Նույնիսկ ռազմական գործողությունների ավարտից հետո, 2020 թվականի նոյեմբերի 10-ին ուժի մեջ մտած զինադադարից հետո, Ադրբեջանը շարունակում է մասնակցել հայ ռազմագերիների սպանություններին, խոշտանգումներին և այլ բռնություններին», - ասվում է փաստաթղթում:

«Հայաստանը խնդրում է դատարանին պատասխանատվության ենթարկել Ադրբեջանին՝ կոնվենցիայի խախտումների համար, որպեսզի կանխի ապագա վնասը և փոխհատուցի արդեն հասցված վնասը», - ասվում է հայցում:

Հայցում ընդգծվում է, որ հայկական էթնիկ կամ ազգային ծագում ունեցող անձինք Ադրբեջանի կողմից ենթարկվել են խտրականության՝ անկախ նրանց իրական քաղաքացիությունից:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ