Փաստաբան Արսեն Բաբայանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.
«Շնորհավորում եմ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության օրը:
Այսօր, երբ մենք նշում ենք մեր երկրի Սահմանադրության ընդունման տոնը, պետք է հիշենք այն արժեքները, որոնք այն արտացոլում է՝ ժողովրդավարություն, արդարություն, ազատություն և իրավահավասարություն։ Սակայն, ցավոք, պետք է անդրադառնանք այն մռայլ իրականությանը, որում հայտնվել է մեր երկիրը վերջին տարիներին։
Առաջինը՝ հարկ է նշել, որ վերջին ժամանակներում Սահմանադրությունը փոփոխվել է ապօրինաբար, սահմանադրական կարգի խախտմամբ։
Երկրորդ՝ խախտելով սահմանադրության դրույթները իշխանությունը միանձնյա որոշմամբ թշնամուն հանձնել է մեր հայրենիքից տարածքներ։ Սա ոչ միայն խախտում է մեր ազգային ինքնիշխանությունը, այլ նաև մեծ վտանգ է ստեղծել մեր ժողովրդի անվտանգության համար։
Երրորդ՝ գործող վարչապետի կոչով շրջափակելով ՀՀ դատարանները՝ տապալեցին սահմանադրական կարգը և փորձեցին ազդել դատական իշխանության անկախության վրա։ Սա անմիջական սպառնալիք է մեր դատական համակարգի կայունության համար։
Չորրորդ՝ Հայաստանում կան տասնյակ քաղբանտարկյալներ, որոնք կալանավորված են իրենց քաղաքական համոզմունքների կամ հասարակական ընդդիմադիր ակտիվության համար։ Սա միանշանակ խախտում է մարդու իրավունքների և ազատության հիմնարար սկզբունքները։
Հինգերորդ՝ այն իրավիճակը, երբ համայնքի ղեկավարները անմիջապես իրենց ընտրվելուց հետո ապօրինի ճանապարհով կալանավորվում են, վկայում է իշխանության կողմից քաղաքական ճնշումների և անարդարության մասին։
Եվ վեցերորդ՝ խաղաղ հավաքների մասնակից տասնյակ մարդիկ բանտարկվեցին, ինչը խախտում է սահմանադրությամբ ամրագրված ազատ հավաքների իրավունքը։
Այս ամենը ցավալիորեն վկայում է այն մասին, որ մեր երկրի Սահմանադրությունը այսօր գտնվում է խորը ճգնաժամի մեջ։ Մեր համերաշխությունը և պայքարը անխուսափելի են՝ վերականգնելու սահմանադրական կարգը և ապահովելու ժողովրդավարության և արդարության պաշտպանությունը Հայաստանում։ Մեր երկիրը արժանի է ավելի լավին, և մենք պարտավոր ենք պայքարել դրա համար։
Հարգանքով և հավատով դեպի Հայ, Հայաստան, Հայրենիք ու Աստված»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը