Ղազախստանի արևմտյան Մանգիստաուի մարզում մեկնարկել են «Բիռլեստիկ-2024» տարածաշրջանային միջազգային զորավարժությունները՝ Ադրբեջանի, Ղազախստանի, Ղրղզստանի, Տաջիկստանի և Ուզբեկստանի զինծառայողների մասնակցությամբ։ Այս մասին հայտնում է Ղազախստանի պաշտպանության նախարարությունը։
«Հուլիսի 8-ից մինչև 17-ը զորակազմերը կնախապատրաստեն և կիրականացնեն զինված հակամարտության տեղայնացման համատեղ գործողություն»,- ասված է հաղորդագրության մեջ:
Զորավարժություններին կներգրավվեն շուրջ 4 000 զինծառայող և մինչև 700 միավոր զենք ու զինտեխնիկա։
«Մարտավարական դրվագները կխաղարկվեն ցամաքային և օդային հետախուզական խմբերի, ռազմածովային հատուկ նշանակության ուժերի, բանակի և առաջնագծի օդուժի խմբերի, ռազմանավերի և կատերների անձնակազմերի, հրետանային խմբերի, գրոհային և տանկային ստորաբաժանումների մասնակցությամբ»,- հավելել են գերատեսչությունում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը