Ինչպես խոստացել էի` ՀՀ երրորդ Նախագահ, Արցախի հերոս Սերժ Սարգսյանի անվան շուրջ ակնհայտ միտումնավորությամբ և հստակ հրահանգավորմամբ տարածվող ստերի հետևից մեկ առ մեկ գնալու ենք, ոչինչ անհետևանք չի մնալու: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է փաստաբան Ամրամ Մակինյանը:
Նա, մասնավորապես, նշել է. «Նույն համատեքստում անդրադառնալով այսօր լրատվական դաշտում տարածվող ակնհայտ ուղղորդված այն հերյուրանքին, թե ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը 2016 թվականի ապրիլի 6-ին Բեռլին կատարելիք պաշտոնական այցից առաջ` ապրիլի 5-ին իբր մեկնել է Բադեն-Բադեն քաղաք, հայտնում եմ, որ ներկայացվածը ուղղորդված հերթական բացարձակ զրպարտչական ապատեղեկատվությունն է։
ՀՀ Նախագահի հիշյալ պաշտոնական այցի ողջ ընթացքը րոպեի ճշգրտությամբ ամրագրված է իրավասու մարմիններում, այդ թվում՝ ՀՀ ԱԳՆ-ի, Պետական արարողակարգի ծառայության արխիվներում։ Ինչ վերաբերում է Քաղաքացիական ավիացիայի կողմից տրամադրված տեղեկանքին, ապա այն կամ միտումնավոր կեպով, կամ անփութության արդյունքում ճշգրիտ չէ և չի արտացոլում 2016թ. ապրիլի 5-ին Սերժ Սարգսյանի ԳԴՀ կատարած պաշտոնական այցի փաստացի երթուղին:
Ավելին` նախագահ Սարգսյանի այցը Գերմանիա մեկնարկել է ապրիլի 5-ի երեկոյան Բեռլինի օդանավակայանի ռազմական մաս ժամանմամբ։ Սույն փաստը ապացուցվում է ինչպես պաշտոնական ծրագրով, այնպես էլ կարող է հաստատվել պատվիրակության այլ անդամների և նախագահին այցի ընթացքում ուղեկցող լրագրողների կողմից։
Հետևաբար` Սերժ Սարգսյանը ապրիլի 5-ին չի ժամապել Կարլսռուհե, չի գիշերել Բադեն-Բադենում, և սա անհերքելի փաստ է։
Ուստի, ճիշտ կլիներ, որ մինչև սուտ տեղեկություններ տարածելու առաջարկություն ստանալն ու համաձայնություն տալը, իրավական ուղեկցում ունենալու նպատակով նախ և առաջ պարզվեր համապատասխան որակավորում ունեցող փաստաբանների զբաղվածության աստիճանը:
Միաժամանակ հորդորում եմ ԶԼՄ-ներին չտարածել ակնհայտ զրպարտչական տեղեկատվությունը` հակառակ պայմաններում ստիպված կլինեմ դիմել օրենսդրությամբ նախատեսված գործիքակազմերի օգնությանը:
Կից ներկայացնում եմ նաև հիշյալ պաշտոնական այցի ծրագրից արտատպվածքներ:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը