«Բարձրագույն դատական խորհուրդը նման հորդորով հանդես գալու փոխարեն պետք է ապահովեր, որպեսզի դատական իշխանությունը որևէ կերպ չմիջամտեր օրենսդիր իշխանության գործունեությանը և բացառեր այնպիսի դատավորների հետագա պաշտոնավարումը, որոնք ինքնին խաթարում են հանրային վստահությունը դատական իշխանության նկատմամբ։ Եվրոպայի խորհուրդը հենց նշվածն է դիտարկում որպես առաջնային․ քննադատական խոսքում պետք է լինի հանրային վստահություն, որպեսզի դա խաթարվի, իսկ կան դատավորներ որոնք առհասարակ հանրային վստահություն չունեն և ցավոք սրտի նաև մասնագիտական գիտելիքներ չունեն»,- Yerevan.Today-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը՝ պատասխանելով մեր այն հարցին, թե ինչպես է վերաբերվում՝ պատգամավորներին հասցեագրված ԲԴԽ-ի այսօրվա կոչին։
Հիշեցնենք, որ ԲԴԽ-ն կոչ էր արել ԱԺ բոլոր պատգամավորներին, դատարանների վերաբերյալ իրենց արտահայտած կարծիքներում, լինել առավել զուսպ և կոռեկտ։ Ուստի, շարունակելով խոսքը, Արամ Վարդևանյանը նշեց․
«Առթից օգտվելով ուզում եմ ասել, որ նման դատավորներին իհարկե հանրությունն առավել լավ է ճանաչում, էլ չասեմ մասնագիտական հանրույթի գնահատականները նման դատավորների վերաբերյալ։ Բայց, նաև ուզում եմ հատուկ շեշտադրել, որ վերջին շրջանում առնվազն տեսնում ենք, որ հենց հանրային վստահություն վայելող դատավորների նկատմամբ սկսվել է ակնհայտ հերթական ահաբեկման պրոցես, ակնհայտ ձևով է սկսվել, դա էլ, որպես մահակ օգտագործելով, հենց ԲԴԽ-ի գործիքը կարգապահական պատասխաատվության միջոցներ կիրառելու մասով։
Հետևաբար հորդորում ենք, օրինակ՝ կամ հորդորում եմ, Բարձրագույն դատական խորհրդին նախ ապահովել իրական դատավորների անկախությունը և իրենց գործունեության անխափանությունը, այլ ոչ թե հակառակը՝ խոչընդոտել իրական դատավորների բնականոն գործունեությունը և էլ չասեմ, որ մենք ապրում ենք էն իրականության մեջ, որ մինչ օրս, համակարգչային խնդիր իրենից ենթադրող, մակագրման համակարգը վերականգնված չէ։ Կարծում եմ դրա մասին պետք է առաջնային խոսել »,- ընդգծեց Արամ Վարդևանյանը։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը