Սահմանադրական դատարանում (ՍԴ) արտահերթ խորհրդարանական ընտրությունների արդյունքների բողոքարկման քննության 6-րդ օրվա նիստում կողմերի եզրափակիչ ելույթների օրն է:
Եզրափակիչ ելույթով հանդես եկավ նաև «Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցիչ Դավիթ Հարությունյանը:
Իր խոսքի ավարտին վերջինս նկատեց, որ ինչ որոշում էլ ՍԴ-ն կայացնի, դրանից հետո կյանքը շարունակվելու է, բայց նրանց վճռից է կախված, թե ինչ ճանապարհով կընթանա մեր պետությունը:
«Մենք բոլորս գիտենք, որ առաջիկա ամիսներին Հայաստանը ստորագրելու է, Պուտինի բառերով՝ «բարդ, ցավոտ և սուր խնդիրներ պարունակող համաձայնագրեր»: Պարզ է, որ խոսքը գնում է երկրի տարածքների, փոշիացող պատմական իղձերի, ստանձնվող պարտավորությունների և զիջումների՝ միջազգային պայմանագրերի մասին, որոնց կյանքի կոչելու հիմնական դերակատարներն Ազգային ժողովն են և դուք՝ Բարձր դատարան: Այս գործով Ձեր որոշումից է կախված՝ նման ցավոտ հարցերում Հայաստանի շահերը պաշտպանելու հնարավորությունը և գործիքակազմը: Այստեղ ուզում եմ լինել բացարձակ անկեղծ: Եթե դուք այսօր համարելու եք, որ այս ընտրությունները լեգիտիմ են, և ԱԺ կազմը ունենալու է ԿԸՀ կողմից սահմանված համամասնությունը, ապա դուք զրկում եք Հայաստանին Ազգային ժողովի քաղաքական հարթակում պետական շահերը բազմակողմանի քննարկելու և պաշտպանելու հնարավորությունից: Բայց սա ընդամենը հարցի մի կողմն է: Մյուս կողմից՝ հենց դուք եք վերցնելու ողջ պատմական պատասխանատվությունը Հայաստանի ապագա հարյուր տարին կանխորոշող ծանրագույն փաստաթղթերի ընդունման համար, քանի որ ընտրողների ընդամենը 26%-ով ձևավորված միաբևեռ Ազգային ժողովում որոշումը փաստացի ընդունվելու է մեկ անձի կողմից:
Այսպիսով, նման որոշում կայացնելով՝ ձեզ եք զրկում այդ պատմական վճռորոշ փաստաթղթերը քաղաքական համակարգում քննարկման և շտկման հնարավորությունից՝ ողջ բեռը վերցնելով ձեր վրա: Հետևաբար՝ ուզում եմ արձանագրենք՝ ձեր ամենաբարդ որոշումն այսօրվա քննարկվող հարցը չէ: Ձեր մասնագիտական և անհատական ամենաբարդ որոշումները դուք կայացնելու եք այսօրվա որոշումից հետո` հաշված ամիսներ անց»,- հայտարարել էր Դավիթ Հարությունյանը:
«Պատիվ ունեմ» դաշինքի ներկայացուցչի խոսքին անմիջապես արձագանքեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը, արձագանքեց 3 րոպե 6 վայրկյան տևողությամբ ելույթով… Ուշադրություն՝ գրավոր ելույթով:
Դավիթ Հարությունյանի ելույթի տևողությունը 17 րոպե 36 վայրկյան էր, և թե երբ հասցրեց այդ ընթացքում Արման Դիլանյանը 3.06 րոպե տևողությամբ ելույթ գրել, միայն ինքը կիմանա: Ինչևէ…
Չգիտես ինչու, Արման Դիլանյանը վիրավորվել էր Դավիթ Հարությունյանի եզրափակիչ ելույթից, և մինչ նախորդ 5 օրերի ընթացքում իշխանական մամուլն ու իշխանական և մերձիշխանական գործիչները ՍԴ դատավորներ Հրայր Թովմասյանին ու Արևիկ Պետրոսյանին էին մեղադրում կողմնապահ դիրքորոշում ունենալու մեջ, այսօր ՍԴ նախագահը հանդես եկավ որպես 3-րդ կողմի ներկայացուցիչ՝ Ռուստամ Բադասյանին ու Սուրեն Գրիգորյանին զուգահեռ:
Ի դեպ, Արման Դիլանյանը մյուս դիմումատուների եզրափակիչ ելույթներին առհասարակ չարձագանքեց, նախապատրաստվել էր Դավիթ Հարությունյանի ելույթին, ով, ինչպես իրավաբանների համայնքն է նկատում՝ քանի օր է մաստեր-կլաս է ցուցադրում ՍԴ որոշ դատավորների և իշխանության ներկայացուցիչների համար:
«Մարդկայնորեն ես հասկանում եմ Ձեզ, հասկանում եմ Ձեր ընտրած մարտավարությունը, մարդկայնորեն հասկանում եմ ՍԴ-ին վարկաբեկելու և այդպիսով ՍԴ ապագա որոշումը վարկաբեկելու Ձեր փորձերը: Մարդկայնորեն այդ մարտավարությունը հասկանում եմ, բայց չեմ ընդունում, և ինձ համար կոնկրետ դա անընդունելի է»,- ասաց Արման Դիլանյանը, ապա անցավ տեքստի ընթերցանությանը, ավելի ճիշտ՝ դրա իրավական հատվածին:
Մի հետաքրքիր մանրուք, այնուամենայնիվ, չվրիպեց մեր աչքից: Արման Դիլանյանը գիտի՞ ինչ որոշում է կայացնելու ՍԴ-ն, ավելի ճիշտ՝ գիտի՞, որ դիմումատուների բողոքը մերժվելու է, և դրա համա՞ր է ասում՝ «մարդկայնորեն հասկանում եմ ՍԴ-ին վարկաբեկելու և այդպիսով ՍԴ ապագա որոշումը վարկաբեկելու Ձեր փորձերը»: Ի՞նչ է նշանակում այս նախադասությունը, թող գնահատեն մասնագետներն ու փորձագետները, որովհետև Դավիթ Հարությունյանի ելույթը ոչ մի կերպ հնարավոր չէ գնահատել՝ որպես ՍԴ-ն վարկաբեկելու փորձ: Ընդհակառակը, ՍԴ հեղինակությունը և պատասխանատվությունը բարձրացնելու փորձ էր:
Այդուամենայնիվ, պատահական չէ, որ շատերը Արման Դիլանյանի հնչեցրած արձագանքի տեքստը նմանեցրին ՍԴ դատավոր Վահե Գրիգորյանի արտաբերած ձևակերպումներին, բնորոշումներին, հատկապես, որ նկատելի էր նաև Դիլանյանի շփոթվածությունը: Մամուլում բազմիցս է գրվել, որ Արման Դիլանյանին ուղղորդում և հրահանգներ է տալիս հենց Վահե Գրիգորյանը: Միգուցե ՍԴ նշված դատավորները ավելի քան մեկ տարվա ընթացքում աշխատանքային օրվա տևական ժամանակը միասին են անցկացնում, քննարկում տարբեր իրավական հարցեր, հայտնում դիրքորոշումներ: Գուցե՞ հենց դա է խոսույթի, բառապաշարի, ինչո՞ւ չէ, նաև մտածողության նմանության պատճառը… Հնարավոր է… Այլ տարբերակ ևս հնարավոր է: Ինչևէ, ժամանակը կտա բոլոր հարցերի պատասխանները….
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը