«Փաստինֆո»-ն գրում է․
«Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանը տուժող է ճանաչվել՝ Լոռու մարզպետարանում իրեն ծեծի ենթարկելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակներում։ Այս մասին «Փաստինֆո»-ին հայտնեցին ՀՀ գլխավոր դատախազությունից՝ նշելով, որ քրեական գործով այլ կարգավիճակ ունեցող անձինք դեռևս չկան։
Հիշեցնենք, որ «Հայաստան» դաշինքի շտաբի ղեկավար Արմեն Գևորգյանը հունիսի 22-ին հայտնել է, որ Լոռու մարզի Օձուն համայնքի ղեկավար Արսեն Տիտանյանին կանչել է մարզպետը և ներկայացրել հրաժարականի դիմում գրելու անօրինական պահանջ: Ըստ Արմեն Գևորգյանի` Օձուն համայնքի ղեկավարը հրաժարվել է կատարել Լոռու մարզպետի պահանջը, որից հետո պահանջը չկատարելու համար մարզպետարանի շենքում, 7-8 մարդու ներկայությամբ, նրան ծեծի են ենթարկել:
Տիտանյանը հանցագործության մասին հաղորդում է ներկայացրել ՀՀ ոստիկանություն։ Լոռու մարզպետարանում Օձունի համայնքապետ Արսեն Տիտանյանին ծեծի ենթարկելու դեպքի առթիվ ՀՀ Լոռու մարզի դատախազությունում հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 309-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով՝ պաշտոնեական լիազորություններն անցնելը, որը զուգորդվել է բռնությամբ, զենք կամ հատուկ միջոցներ գործադրելով, նշանակվել է դատաբժշկական փորձաքննություն։
Դեպքից անցել է շուրջ մեկ շաբաթ, սակայն քրեական գործով մեղադրյալ չկա։ Համեմատության համար նշենք, որ «Իզմիրլյան» ԲԿ-ի տնօրեն, պրոֆեսոր Արմեն Չարչյանը ձերբակալվել է ընդամենը ժամերի ընթացքում՝ մի քրեական գործով, որը հարուցվել է տելեգրամյան ալիք կողմից տարածված մոնտաժված տեսանյութի հիման վրա, որտեղ պրոֆեսորը կոչ էր անում, պահանջում, որ բոլորը գնան ընտրությունների»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը