04 06 2021

Հանցակազմ չկա․ Դատարանը Արամ Հարությունյանին անմեղ ճանաչեց

Հանցակազմ չկա․ Դատարանը Արամ Հարությունյանին անմեղ ճանաչեց

Դատավոր Դավիթ Բալայանը «Ազգային համաձայնություն» կուսակցության ղեկավար Արամ Հարությունյանին անմեղ ճանաչեց հանցակազմի բացակայության հիմքով։ Այս մասին Yerevan.Today-ին հայտնեց Հարությունյանի փաստաբան Սերգեյ Հարությունյանը։

 «Դատախազությունից նույնիսկ չեն ներկայացել, որովհետև անգամ իրենք են հասկացել, որ մեղադրանքը լրիվ  ջուր է և որևէ հիմք չկար մեղարդանքի հիման վրա պատիժ նշանակելու։ Ողջունելի է, որ հերթական անգամ դատավորը ցույց տվեց իր անկախությունը և քաղաքական իշխանությունների կողմից ճնշումների չենթարկվեց»,- ասաց Փաստաբանը։

Հիշեցնենք, որ Արամ Հարությունյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ ՔՕ 226.2-րդ հոդվածի 1-ին մասով (բռնություն գործադրելու հրապարակային կոչերը, բռնությունը հրապարակայնորեն արդարացնելը կամ քարոզելը)։ 

Ըստ մեղադրական եզրակացության՝ Youtube կայքէջում 22.12.2020 թվականին տեղադրված «Նիկոլ, դու մեր դասագրքերն ու տոները փոխեցիր» վերնագրով 6 րոպե տևողությամբ տեսանյութում Արամ Հարությունյանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նկատմամբ քաղաքական ու այլ հայացքներով պայմանավորված դիտավորությամբ հնչեցրել է բռնությունը հրապարակայնորեն արդարացնող կոչեր, մասնավորապես՝ տեսաուղերձի ընթացքում նշել է «Նիկոլի հետ հաշվեհարդար տեսնելու պատվերը հայ ժողովրդիննա, Թեհլերյանները հազարավոր են, միլիոնավոր են, Նիկոլ քո ընտանիքի համար, քո ընտանիքի անվտանգության համար որի էստեղ, ծնկաչոք ներողություն խնդրի զոհվածների մայրերից, որովհետև դու պատժվելու ես, եթե չգաս, դու չես կարա փախնես, չես հասցնի փախնես, մենք չենք կարող ամեն հայի ձեռք բռնել, մարդ կա երկու երախայա կորցրել, մարդ կա ընտանիքը, տուննա կորցրել, ոչ մեկը չի կարող էտ մարդուն ձեռքը բռնել, եթե ժամանակին Թեհլերյանին արդարացրեցին, ապա քեզ շանսատակ անողին հերոսի կոչում են տալու»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ