ՀՀ Սահմանադրական դատարանը մայիսի 14-ին՝ աշխատակարգային որոշմամբ ՀՀ գլխավոր դատախազի դիմումի հիման վրա գործի քննությունը մերժել է՝ գտնելով, որ գլխավոր դատախազն իրավասու չէ դիմել ՀՀ Սահմանադրական դատարան՝ դատական քննության փուլում քննվող քրեական գործով կիրառման ենթակա նորմի սահմանադրությանը համապատասխանության հարցով։ Մեկնաբանություն ստանալու համար դիմեցինք ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Վարդևանյանին։
«Ցանկանում եմ տեղեկացնել, որ այո ՍԴ-ն մերժել է Գլխավոր դատախազի բողոքը, որը վերաբերվում էր հերթական այն իրավական աբսուրդին, որ չնայած արդեն իսկ քրեական գործի հիմքը հանդիսացած նորմը գոյություն չունի, բայց ամեն դեպքում եկեք հնարավորություն տալ դատախազներին արագ վերաորակել։ Սա իրավական աբսուրդ է և ես վստահ եմ, որ դատախազները ևս դա գիտեն, համոզված եմ, բայց ինչն էր այստեղ ավելի էական հանգամանք, գլխավոր դատախազը դիմում է ՍԴ այն պայմաններում, երբ արդեն իսկ գործը գտնվում է դատարանի վարույթում։ Պատկերացրեք դա իրենից կենթադրեր իրավիճակ, որ դատախազները միջնորդել էին նաև տիկին Դանիբեկյանին գործի վարույթը կասեցնել և ՍԴ դիմել, որը իհարկե մեժվել էր, բայց պատկերացրեք դրան զուգահեռ նաև դիմում է գնում ՍԴ՝ շրջանցելով դատարանին։
Այս գործն այլևս չի գտնվում դատախազի վարույթում, որ վերջինս կարողանար դիմել ՍԴ, և սա բառացիորեն գրված է ՍԴ դատարանի սահմանադրական օրենքում։ Գլխավոր դատախազը կարող էր դիմել մինչև գործը դատարան ուղարկելը, դրանից հետո դատախազը հավասար դատավարության մասնակից է, ինչպես պաշտպանական կողմը։ Նման պայմաններում ակնկալել, որ դիմումը պետք է վարույթ ընդունվեր, մեղմ ասած, առնվազն իրավաբանության հետ առընչություն չունենալն է։ Կարծում եմ, որ սա դատախազության կողմից ներկայացված էր ոչ թե նրա համար, որ նրանք գտնում էին, որ հիմնավորումներ ունեն, այլ պարզապես որոշակի քաղաքական և հայտնի հասարակական կազմակերպությունների ճնշումների ներքո՝ պարզապես ցույց տալու համար, որ տեսեք՝ դիմել ենք, այլ հիմանավորում ես այստեղ չեմ տեսնում։ ՍԴ որոշումն էլ ցանկացած անձի համար պարզ է, որովհետև դա գրված է ՍԴ օրենքում, թե երբ կարող է գլխավոր դատախազը դիմի»,- ասաց սահմանադրագետը։
Հավելենք, որ Արամ Վարդևանյանը թեմայի առնչությամբ հանդես է եկել ֆեյսբուքյան գրառմամբ, որում նշում է․
Փաստորեն գլխավոր դատախազությունը որոշել է նոր իրավական աբսուրդի բարձունքներ նվաճել։ Դատախազությունը արդեն իրեն լիազորություն է վերապահել՝ Սահմանադրական դատարանի որոշումների գնահատման, մի հատ էլ քննադատման։ Կարծես թե նման վարքագիծ արդեն մի քանի ամիս է նույնիսկ դատարաններ շրջափակողները իրենց թույլ չէին տվել։ Կարծես թե պետք է Սահմանադրական իրավունքի և Սահմանադրական դատարանի պետական համակարգում ԲԱՐՁՐ դերի մասին գիտական հոդված փոխանցել դատախազներին։ Սահմանադրական դատարանը սովորական դատարան չէ, որ վերաքննիչ բողոքի բառերով ու տերմիններով գնահատական տաք։ Հարց է առաջանում, էլ ինչ պետք է լինի, որ դատախազությունը իր սահմանադրական կարգավիճակին հարիր վարքագիծ դրսևորի՝ ընդունի իր սխալը, հայցի ներողամտություն։ Պատկերացրեք դատախազությունը իրեն դիտարկում է Սահմանադրության նորմերը ՄԻԱԿ մեկնաբանելու լիազորություն ունեցող մարմնից ավելի <<գիտակ>>։ Դատախազությունը կարծես տեղյակ չէ, որ Սահմանադրական դատարանի մասին ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ օրենքը պետք էր մանրամասն կարդալ մինչև ՍԴ դիմում ներկայացնելը։ Այս խայտառակ վարքագիծը հակասում է սահմանադրական մարմնին ներկայացվող պահանջներին և տարրական հարգանքի կանոններից շեղում է։ Առհասարակ 300․1-ի վերաբերյալ դատախազության վարքագիծը ոչ թե առնչվում է իրավունքի հետ, այլ ավելի շատ հիշեցնում է <<Խաչագողի հիշատակարանը>> վեպը․․․։
Հ․Գ․ ՍԴ-ի մասին խոսալու փոխարեն, թող նույն ոճով հայտարարեն ՀՀ տարածքային ամբողջականությունը թշնամու կողմից մինչ օրս խախտելու փաստի առթիվ քրեական գործով ԻՆՉ ՔՐԵԱԴԱՏԱՎԱՐԱԿԱՆ ԵՎ ՀԱՐԿԱԴՐԱՆՔԻ ՄԻՋՈՑՆԵՐ ԵՆ ՁԵՌՆԱՐԿՎԵԼ․․․
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը