Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը ֆեյսբուքյան գրառում է արել, որում տեղեկացնում է, որ Նոր Նորքում ծեծի հետեւանքով մահացած 80-ամյա տարեց քաղաքացու գործով կա մեղադրյալ։ Գրառումը՝ ստորև․
«Հենց նոր տեղեկացա, որ Նոր Նորքում 80-ամյա Ավետիք պապիկի բռնի մահվան կապակցությամբ արդեն կա որպես մեղադրյալ ներգրավված անձ։ Մեղադրանքը «առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելն է, որն անզգուշությամբ առաջացրել է տուժողի մահ» (ՀՀ քրօր. 112 հոդվածի 2-րդ մասի 14-րդ կետ՝ 5-10 տարի ազատազրկման հեռանկարով): Որպես խափանման միջոց է ընտրված գրավը։
Տուժողի ընտանիքին բացատրել եմ, որ խափանման միջոց կալանքը ծայրահեղ միջոց է, և այն կարող է կիրառվել միայն այն դեպքում, երբ մյուս խափանման միջոցները ունակ չեն ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։ Այդ առումով՝ մեղադրյալի նկատմամբ կիրառված գրավը թերևս պետք է համարել իրավաչափ՝ քանի դեռ մեղադրյալը նորմալ վարքագիծ է դրսևորում։
Այսօր ավելի վաղ լայվով նշել էի. ունեմ հիմքեր պնդելու, որ նախաքննությունը լինելու է բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ։ Այդ լավատեսությունս կարծեք թե հաստատվում է։
Շարունակելու եմ հետևել վարույթին և հարկ եղած դեպքում իրազեկել հանրությանը»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը