31 03 2021

Քոչարյանը 537 օր ապօրինի զրկվել է ազատությունից, կոնկրետ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն․ Արամ Օրբելյան



Ըստ ՍԴ որոշման, որով հակասահամանադրական ճանաչվեց ՀՀ քրեական օրենսգրքի 300.1 հոդվածը, ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը 537 օր ապօրինի զրկվել է ազատությունից, և այդ խախտումների համար կոնկրետ մարդիկ պետք է պատասխանատվություն կրեն։ Այս մասին «Փաստինֆո»-ի եթերում ասել է «Կոնցեռն-Դիալոգ» փաստաբանական գրասենյակի ավագ գործընկեր, Ռ.Քոչարյանի փաստաբանական թիմի անդամ Արամ Օրբելյանը։

Նրա դիտարկմամբ՝ այս խախտումների պատասխանատուն ինքնին ՀՀ-ն է, բայց չի բացառել, որ այս գործընթացում որպես պատասխանատու ներգրավվեն նաև ֆիզիկական անձինք, և խոսքը դատախազի կամ դատավորի սխալ կամ ճիշտ որոշումների մասին չէ, չնայած իրենք էլ կարող են լինել այդ ցուցակում։ Ա.Օրբելյանն ընդգծել է, որ խոսքը գնում է նախեւառաջ դատական գործընթացներին ապօրինի միջամտելու մասին։

«Քրեական օրենսգրքում հոդված կա՝ արդարադատության իրականացնելու միջամտելը, որով կա տուժող՝ Ռոբերտ Քոչարյան և պետք է մեղավորների մասնակցության չափաբաժինը որոշվի»,- նշել է Արամ Օրբելյանն ու նկատել, որ Փաշինյանն ընդունել է, որ ինքը միջնորդել է ինչ-որ գործերով։ Բացի այդ՝ Փաշինյանը ճնշում է գործադրել դատարանների վրա նաև հրապարակային միտինգներով ու կոչերով և սա քննարկման առարկա պետք է դառնա։

Օրբելյանն անդրադարձել է նաև Ռոբերտ Քոչարյանի գործով այսօր ստեղծված իրավիճակին, դատարանի անելիքին, մեղադրող կողմի պահվածքին, ինչպես նաև սպասվող առաջիկա նիստին և իրենց առաջիկա քայլերին։

Հիշեցնենք՝ սույն գործով մեղադրյալի կարգավիճակում են ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, ՀՀ ԶՈՒ նախկին գլխավոր շտաբի պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովը, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը և ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանը։

Յուրի Խաչատուրովը և Սեյրան Օհանյանը մեղադրվում են սահմանադրական կարգը տապալելու համար, Ռոբերտ Քոչարյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելու և առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու, իսկ Արմեն Գևորգյանը՝ ՀՀ սահմանադրական կարգը տապալելուն օժանդակելու, առանձնապես խոշոր չափերով կաշառք ստանալու և հանցավոր ճանապարհով ստացված գույքն օրինականացնելու համար։

Մարտի 26-ին ՀՀ Սահմանադրական դատարանը հակասահմանադրական է ճանաչել ՀՀ քրեական օրենսգրքի 300.1֊րդ հոդվածը՝ այն համարելով ՀՀ Սահմանադրության 78-րդ եւ 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր։ Այսինքն՝ դատարանը պետք է այդ հոդվածի մասով դադարեցնի Ռոբերտ Քոչարյանի և մյուսների նկատմամբ քրեական հետապնդումը և կարճի վարույթը, մինչդեռ դատախազները չէին ներկայացել մարտի 30-ի դատական նիստին՝ միջնորդելով այն հետաձգել։ Այսինքն՝4 բարձրաստիճան պաշտոնյա շարունակում են մեղադրվել մի հոդվածով, որը քրեական օրենսգրքում այլեւս գոյություն չունի։

Մանրամասները՝ տեսանյութում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ