26 03 2021

Ռոբերտ Քոչարյանի կրած վնասների համար կան ռեաբիլիտացիայի հնարավորություններ. Խուդոյան

Ռոբերտ Քոչարյանի կրած վնասների համար կան ռեաբիլիտացիայի հնարավորություններ. Խուդոյան

Սպուտնիկ Արմենիան գրում է․ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանական թիմի ներկայացուցիչ Հովհաննես Խուդոյանը Sputnik Արմենիայի եթերում անդրադարձել է ՍԴ-ի որոշմանը, ըստ որի` Քոչարյանի դեմ հարուցված քրգործով 300.1 հոդվածը չի համապատասխանում ՀՀ Սահմանադրությանը։

Հովհաննես Խուդոյանի դիտարկմամբ`տրամաբանորեն դրան պետք է հաջորդ նիստին հետևի այդ մասով պաշտպանական թիմի կողմից ներկայացված  միջնորդության վերանայումը` քրեական գործի վարույթը կարճելու կապակցությամբ։ Ըստ նրա` դատարանը պետք է չորս ամբաստանյանլի նկատմամբ 300.1 հոդվածով հետապնդումը դադարեցնի, և քանի որ գործում կան նաև այլ դրվագներ, ապա դրանցով քննությունը պետք է շարունակվի, ուստի կարիք կլինի ինչ-որ ժամանակ գործի նյութերից առանձնացնել վերաբերելի հատվածը, որը կկազմի 6-7 հատոր։ 

«ՍԴ-ի որոշման ծանուցման կարիք չկա, որովհետև հրապարակային հասանելի ակտ է լինելու, որի վերջնական տեքստը կլինի երկուշաբթի կամ երեքշաբթի օրը։ Մեզ խոստացել են տրամադրել եռօրյա ժամկետում։ Հիմա առաջնորդվելով այն հանգամանքով, որ այդ հոդվածն այս պահին գոյություն չունի, և քանի դեռ Քրեական օրենսգրքի այդ հոդվածը չի փոփոխվել ԱԺ–ի կողմից, հետևաբար գոյություն չունի, իսկ փոփոխվելուց հետո էլ չի կարող կիրառվել նախկին իրադարձությունների նկատմամբ։ Գործի վարույթը պետք է միանշանակ կարճվի, այստեղ այլ մեկնաբանություն չկա»,- նշեց փաստաբանը։ 

Խուդոյանի խոսքով` կան ռեաբիլիտացիայի հնարավորություններ, այսինքն` օրենքը նախատեսում է հնարավորություն նախկինում հետապնդման համար պահանջել հատուցումներ այն վնասների համար, որ կրել է անձը քննվող գործի ընթացքում, սակայն այդ մասով վստահորդների հետ դեռ պետք է անցկացվեն քննարկումներ։ Նման իրավական գործիքները կկիրառվեն միայն նրանց ցանկության դեպքում։     

Տեղեկացնենք, որ ՀՀ ՍԴ–ն գրավոր ընթացակարգով քննեց ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի և Երևանի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի (սահմանադրական կարգը տապալելու)՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։

Սահմանադրական դատարանը ՀՀ ՔՕ–ի 300.1 հոդվածը ճանաչել է Սահմանադրության 78 և 79-րդ հոդվածներին հակասող և անվավեր`հավելելով, որ Սահմանադրության 177-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն` սույն որոշումը վերջնական է և ուժի մեջ է մտնում հրապարակման պահից։

 




 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ