16 03 2021

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը կրկին մեկ շաբաթով հետաձգվեց

Սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը կրկին հետաձգվեց

Երևանի ընդհանուր իրավասության դատարանը (Շենգավիթի նստավայր), դատավոր Աննա Դանիբեկյանի նախագահությամբ, կրկին մեկ շաբաթով հետաձգեց սահմանադրական կարգի ենթադրյալ տապալման գործով նիստը։ Դատավոր Դանիբեկյանը տեղեկացրեց, որ մարտի 15-ին դատարան է ստացվել պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանի պաշտպան Կարեն Մեժլումյանի դիմումն այն մասին, որ իր պաշտպանյալը դեռևս գտնվում է հիվանդանոցում և չի կարող մասնակցել այսօրվա նիստին։

Նիստին ներկա չի եղել նաև ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը։ Պաշտպան Արամ Վարդևանյանը պարզաբանեց, որ տեղեկանալով ՍԵյրան Օհանյանի՝ դեռևս հիվանդանոցում լինելու մասին և հաշվի առնելով, որ դատավարության մասնակիցներից մեկի բացակայության պայմաններում լսումները չեն կարող կայանալ, խորհուրդ է տվել Ռոբերտ Քոչարյանին այս նիստին չներկայանալ։

Հաջորդ դատական նիստը նշանակելուց առաջ Վարդևանյանը դատավորին խնդրեց հաշվի առնել այն հանգամանքը, որ հաջորդ երեքշաբթի՝ մարտի 23-ին, ժամը 11։00-ին Սահմանադրական դատարանը գրավոր քննելու է Ռոբերտ Քոչարյանի և Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի դիմումների հիման վրա ՀՀ Քրեական օրենսգրքի 300.1-ին հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը։ Սակայն Դանիբեկյանը գտավ, որ այդ հանգամանքը չի կարող խոչընդոտել իր աշխատանքին և հաջորդ դատական նիստը նշանակեց մարտի 23-ին, ժամը 13։00-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ