15 03 2021

Արամ Սարգսյանի կալանավորումն արդարադատության իրականացմանն ուղղակի միջամտության արդյունք էր. պաշտպան

Արամ Սարգսյանի կալանավորումն արդարադատության իրականացմանն ուղղակի միջամտության արդյունք էր. պաշտպան

Ֆեյքի գործով կալանավորված Արամ Սարգսյանի կալանավորումն արդարադատության իրականացմանն ուղղակի միջամտության արդյունք էր։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է Արամ Սարգսյանի պաշտպան Բենիկ Գալստյանը։

«Այսօր 24-օրյա կալանքից, իսկ ավելի ճիշտ՝ ապօրինի ազատությունից զրկվելուց հետո վերջապես ազատ արձակվեց իմ պաշտպանյալ Արամ Սարգսյանը։

Թվում էր, թե որպես փաստաբան պետք է ուրախանամ այս «հաջողությունից», սակայն ոչ, սա հաջողություն չէ, սա 24 օր ուշացած արդարադատություն է։

Պնդել եւ այժմ էլ պնդում եմ՝ Արամի մասով որեւէ այլ որոշում չի կարող համարվել օրինական, իսկ նրա կալանավորումն արդարադատության իրականացմանն ուղղակի միջամտության արդյունք էր։

Ընդ որում՝ առնվազն փետրվարի 21-ից հայտնի է այն անձն, ով առերեւույթ իրականացրել է այդ միջամտությունը, իսկ փետրվարի 23-ին այդ մասին ՀՀ գլխավոր դատախազին ներկայացրել եմ հանցագործության մասին մանրամասն հաղորդում։

Խոսքս վերաբերվում է Արթուր Պետիկի Մկրտչյանին, ով ոչ միայն Երեւան քաղաքի դատարանի նախագահն է, այլեւ ինչպես Արամի, այնպես էլ մյուս բոլոր դեպքերում անձամբ է մակագրում կալանավորման միջնորդությունների քննարկումը դատարանի դատավորներին, Արամի դեպքում՝ Վահագն Մելիքյանին։

Ուշադրության է արժանի այն, որ փետրվարի 23-ից մինչ օրս՝ 21 օր, իմ հաղորդման առթիվ ՀՀ հատուկ քննչական ծառայությունում նախապատրաստվում են նյութեր։

Դույզն-ինչ չկասկածեք՝ այս հանցագործության դեպքի ետեւից գնալու եմ մինչեւ վերջ... ես գործը կիսատ թողնել չեմ սիրում։

Նկարում Ա.Մկրտչյանն է»,- գրել է նա։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ