Նիկոլ Փաշինյանն առավոտյան իր ֆեյբուքյան էջում գրեց, որ ԳՇ պետ Օնիկ Գասպարյանն ազատված է պաշտոնից, որին հետևեց նախագահականի հայտարարությունը, որ Արմեն Սարգսյանը դիմել է ՍԴ՝ «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» 2017թ. նոյեմբերի 15-ի օրենքի՝ Սահմանադրությանը համապատասխանելու հարցը որոշելու խնդրանքով:
Ստեղծված իրավիճակի մասին մեկնաբանություն խնդրեցինք փաստաբան Տիգրան Աթանեսյանից: Նա, մասնավորապես ասաց. «Մենք այն իրավիճակում ենք, երբ հերթական անգամ պետք է մեկնաբանենք այս սահմանադրության ոչ հստակությունները, նայած, թե ինչ դիրք ես գրավում այն մեկնաբանելիս․ եթե փորձում ես այն մեկնաբանել սովորական աշխատանքի իրավունքի տեսակետից կամ մարդու համար, ապա, եթե նախագահը դիմել է ՍԴ, թեկուզ դիմել է օրենքի սահմանադրականությունը վիճարկելու համար, կարելի է ասել, վարչապետը սխալվել է։ Եթե նայենք շատ չոր և մեկնաբանենք այնպես, որ երեք օրերին պետք է դիմեր և հենց հրամանագիրը վիճարկեր, ստացվում է՝ ճիշտ է։ Մենք երկակի վիճակում ենք: Հստակ պատասխան տալ այդ հարցին, հնարավոր չէ»:
Մեր հարցին, թե ինչպես կարելի է մեկնաբանել նախօրեին Արտակ Դավթյանի նշանակումը, որպես ԳՇ հատուկ հանձնարարություններով սպայի, Աթանեսյանն ասաց, որ դա պետք չէ դիտարկել որպես ԳՇ պետի լիազորությունները վերցնելու փորձ, պարզապես հերթական անգամ մեկին պաշտոն են տվել:
«Իսկ հանգուցալուծումը մեկն է՝ Փաշինյանի հրաժարականը, մենք հիմա պատային իրավիճակում ենք, մի կողմից իշխանությունը կորցրել է վստահությունը բոլոր ոլորտներում, չի տեսնում իրականությունը, իսկ ընդդիմությունը պետք է ավելի կտրուկ քայլերի դիմի»,- եզրափակեց Տիգրան Աթանեսյանը:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը