03 03 2021

Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ սահմանադրությամբ․ Արամ Վարդևանյան

Օնիկ Գասպարյանին ազատելու առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ սահմանադրությամբ․ Արամ Վարդևանյան

Սահմանադրագետ Արամ Վարդևանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Հարգելի գործընկերներ,

Գիտեմ շատերի համար հասկանալի չէ ի վերջո Գլխավոր շտաբի պետ Օնիկ Գասպարյանը իրավունքի ուժով ազատվում է պաշտոնից թե՝ ոչ, հաշվի առնելով Հանրապետության նախագահի վերջին հայտարարությունը։ Գործընկերներս Գոհար Մելոյանը և Արամ Օրբելյանը ներկայացրել են իրենց դիրքորոշումը։

Ցանկանում եմ հարցին անդրադառնալ հենց Սահմանադրության մեկնաբանման առանցքային և միակ պարտադիր հետևանք ունեցող բանաձևով։ Սահմանադրության նորմերը կարող են մեկնաբանել բոլորը, այդ թվում վարչապետի պաշտոն զբաղեցնողը և իր աշխատակազմը, ինչպես նաև Հանրապետության նախագահը։ Բոլորի համար պարզ է, որ ՎԵՐՋՆԱԿԱՆ ԵՎ ՊԱՐՏԱԴԻՐ մեկնաբանությունը տրվում է ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ ԿՈՂՄԻՑ ԻՐ ՈՐՈՇՈՒՄՆԵՐՈՒՄ։

Հանրապետության նախագահը իր 2021 թվականի մարտի 1-ի հայտարարության մեջ հղում էր տվել Սահմանադրական դատարանի հայտնի՝ ՍԴՈ-1518 որոշմանը:

Սահմանադրական դատարանի ՍԴՈ-1518 որոշումը ամբողջությամբ բացահայտել էր Հանրապետության նախագահի լիազորությունները և դրանց ԾԱՎԱԼԸ։ Նշված որոշման 34-35-րդ էջերում ուղղակիորեն արձանագրված է․

ե) զինված ուժերի բնագավառում՝ զինված ուժերի և այլ զորքերի բարձրագույն հրամանատարական կազմը ՆՇԱՆԱԿԵԼԸ և ԱԶԱՏԵԼԸ, բարձրագույն զինվորական կոչումներ շնորհելը (Սահմանադրության 133-րդ հոդված) կամ Սահմանադրության

139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները,

ժ) զինված ուժերի ԳԼԽԱՎՈՐ ՇՏԱԲԻ ՊԵՏԻՆ ՆՇԱՆԱԿԵԼԸ (Սահմանադրության 155-րդ հոդվածի 3-րդ մասի առաջին նախադասություն) կամ Սահմանադրության 139-րդ հոդվածի 2-րդ և 3-րդ մասերով սահմանված այլընտրանքային լիազորությունները։

Այսինքն Սահմանադրական դատարանը մեկնաբանելով ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅՈՒՆԸ այս հարցին սպառիչ անդրադարձ կատարել է և Հանրապետության նախագահը կարող է միայն ՆՇԱՆԱԿԵԼ Գլխավոր շտաբի պետին և չունի ԱԶԱՏԵԼՈՒ լիազորություն։

Ավելին հենց Սահմանադրական դատարանը այդ որոշմամբ ուղղակիորեն ընդգծել է Սահմանադրության 155-րդ հոդվածի և 133-րդ հոդվածի ԱՌԱՆՁԻՆ ԱՎՏՈՆՈՄ ԲՆՈՒՅԹԸ և դրանց նկատմամբ ԱՌԱՆՁԻՆ ԾԱՎԱԼՈՎ նախագահի լիազորությունները։

Գլխավոր շտաբի պետ Գեներալ Գնդապետ Օնիկ Գասպարյանին ԱԶԱՏԵԼՈՒ առաջարկության լիազորություն առհասարակ նախատեսված չէ Սահմանադրությամբ հետևաբար այս գործընթացը որևէ իրավական հետևանք ՉՈՒՆԻ։

Այս հանգամանքը ոչ թե գործընկերներիս կամ իմ մեկնաբանությունն է, այլ հենց ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆԻ դեռևս 2020 թվականի մարտի 31-ին ընդունված որոշմամբ։

Սահմանադրական դատարանի նշված որոշմանը կարող են ծանոթանալ բոլորը։ Ինքս առաջնորդվել էի նախկինում այն կանխավարկածով, որ նման հարցերը ՊԵՏԱԿԱՆ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ պետք է սպառիչ իրացրած լինեին, սակայն փաստորեն վարչապետի աշխատակազմը բնական է, որ տեղյակ չէր, իսկ Հանրապետության նախագահի աշխատակազմը առավել մանրամասն պետք է ուսումնասիրեր։ Առհասարակ Վարչապետը նման առաջարկություն Նախագահին չէր կարող ներկայացնել, իսկ Նախագահը ոչ թե պետք է վերադարձներ այն առարկություններով այլ պետք է գրությամբ պարզաբաներ Սահմանադրության 155-րդ հոդվածով նախատեսված իր լիազորությունը։ Չեմ բացառում, որ երեկ հենց այս հանգամանքը բացահայտվել է և այդ իսկ պատճառով նախագահը պարզապես որոշել է այլևս զերծ մնալ այս գործընթացից»։

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ