19 01 2021

Պետությանը պատճառվել է 5,5 մլրդ դրամի վնաս՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար. Ոստիկանություն

Պետությանը պատճառվել է 5,5 մլրդ դրամի վնաս՝ ապօրինի ձեռնարկատիրական գործունեության համար. Ոստիկանություն

ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում օպերատիվ տվյալներ էին ստացվել, որ Երևանի Վաղարշյան փողոցի շենքերից մեկում, առանց պետական գրանցման և հատուկ թույլտվության՝ լիցենզիայի, կազմակերպվում են «պոկեր» կենդանի խաղեր, ինչպես և ապօրինի կերպով շրջանառվում են տարբեր տեսակի թմրանյութեր։ Այս մասին հայտնում է ՀՀ ոստիկանության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը։

Տեղեկությունների հիման վրա ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչության ծառայողներն իրականացրել են օպերատիվ-հետախուզական տարաբնույթ միջոցառումներ՝ համագործակցելով ՊԵԿ ներքին անվտանգության վարչության ծառայողների հետ։ Արդյունքում՝ պարզվել է հետևյալը։ Քննությանը հայտնի տվյալներով՝ նախորդ տարվա նոյեմբերից Վաղարշյան 15/15 հասցեում, առանց պետական գրանցման ու լիցենզիայի, «պոկեր» տեսակի շահումով խաղերը վարձու խաղավարների միջոցով կազմակերպել է Երևանում բնակվող, 34-ամյա մի տղամարդ։ Մասնակիցների շահումից 3-ից 4 տոկոս գանձումներ կատարելով՝ ապօրինի խաղատունը շահումով խաղեր կազմակերպելու յուրաքանչյուր օր ստացել է 500 հազարից 600 հազար դրամ շահույթ: Այս ապօրինի ձեռնարկատիրական գործունեության հետևանքով, միայն հատուկ թույլտվության պետական տուրքի մասով, պետությանը պատճառվել է առանձնապես խոշոր չափի՝ 5 միլիարդ 500 միլիոն դրամի վնաս։

Հունվարի 17-ին իրականացվել է հատուկ միջոցառում, որի շրջանակներում ապօրինի խաղատանը հայտնաբերվել են ու ՔՈԳՎ բերման ենթարկվել 10 անձինք։ Ապօրինի խաղատանը կատարված զննությամբ, բացի խաղատնային պարագաներից, հայտնաբերվել է մարիխուանայի նմանվող մի քանի գրամ քաշով զանգված։ Դեպքի առթիվ ՔՈԳՎ կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում քրեական գործ է հարուցվել, որն ուղարկվել է ՊԵԿ քննչական վարչություն։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ