Նիկոլ Փաշինյանի հրաժարականը պահանջողների ձերբակալությունը համարվեց ոչ իրավաչափ, և նրանք ազատ արձակվեցին։
Երևանում Նիկոլ Փաշինյանի հրաժարականի պահանջով ակցիաների ընթացքում բերման էր ենթարկվել 80 անձ, Գյումրիում՝ 8։
Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանը հայտնել էր, որ շուրջ 20 հանրային գործիչ ձերբակալվել է։ Նրանց թվում էր ձերբակալված հասարակական-քաղաքական գործիչ Միհրան Հակոբյանը, նա ևս ազատ արձակվեց, դատարանը նրա ձերբակալումը ճանաչել է ոչ իրավաչափ:
Այս մասին գրառում է արել Միհրան Հակոբյանի պաշտպան Միքայել Շխիմյանը:
«Պաշտպանյալս' Միհրան Տարոնի Հակոբյանը, հենց նոր, դատարանի որոշմամբ ազատ արձակվեց ձերբակալումից, վերջինիս ձերբակալումը ինչպես նպատակի, այնպես էլ հիմքերի առումով ճանաչվեց ոչ իրավաչափ!!! Շնորհակալություն ՀՀ Դատարանին, ի դեմս դատավոր Վ.Միսակյանի»,-գրել է պաշտպանը։
Ազատ են արձակվել նաև Ռոբերտ Մելքոնյանը, Նարեկ Մալյանը։
Փաստաբան Տիգրան Աթանեսյանն էլ լրագրողների հետ զրույցում նշեց․ «Բողոքը ներկայացրել եմ երեք անձով՝ «Ադեկվատ» միաբանության ղեկավար Արթուր Դանիելյանի, «ՎԵՏՕ»-ի հիմնադիր Նարեկ Մալյանի և Երևանի նախկին փոխոստիկանապետ Ռոբերտ Մելքոնյանի համար: Նարեկ Մալյանի և Ռոբերտ Մելքոնյանի մասով բողոքները բավարարվել են՝դատարանը ոչ իրավաչափ է ճանաչել ձերբակալության որոշումը և ազատ կարձակվեն, իսկ Արթուրի Դանիելյանի որոշման հրապարակումը կլինի վաղը՝ առավոտյան 10:00-ին: Այսինքն, միակ վատությունը, որ կարող էր դատավորը աներ, արեց՝ 11 ժամ ավել է պահում, 20 թերթանոց նյութերը փաստորեն չի կարողանում քննել։
Միանշանակ Արթուր Դանիելյանը ենթական է ազատ արձակման , իմ փաստարկներն ներկայացրել եմ, որ չի կարող այս հոդվածով ձերբակալվել, որը դատարանում ընդունվել է և հույս ունեմ՝ վաղը առավոտյան ազատ կարձակվի: Նրանք ձերբակալվել են անօրինական հավաք կազմակերպելու ու անցկացնելու համար, կազմակերպման և անցկացման վերաբերյալ որևէ ապացույց չկա, բացի այդ այս հոդվածով մարդ ձերբակալելը կներեք «շանտղություն» է»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը