Իրավունքի մասնագետ Տիգրան Աթանեսյանը բնական է համարում ցավալի պատմական իրողության հետ առճակատված քաղաքացիների շոկային ապրումները, անորոշ փնտրտուքը՝ խառնաշփոթը պետական գերատեսչական շենքերի բակերում: Միևնույն ժամանակ, նա վստահ է, որ շուտով կգտնվեն ուժեր, որոնք հանձն կառնեն պատասխանատվություն ու կառաջարկեն այս կոլապսից դուրս գալու ելքեր:
- Այսօր նրանք չկան, որովհետև իրավիճակը լուրջ վերլուծության պետք է ենթարկվի, շոկային փուլն է հիմա, ոչ ոք չէր սպասում, որ կգնային կապիտուլիացիայի, ոչ մեկը չէր հավատում այդ սցենարին: Այսքանից հետո ուժերը ռացիոնալ գնահատումների ու հաշվարկների համար պիտի ժամանակ վերցնեն, որ նաև հետագա քայլերը, պատասխանատվության բեռը հասկանան: Այսօրվա իրավիճակը հղի է տարերային հետևանքներով, քանի դեռ ուղղորդող չկա: Քաոտիկ իրավիճակում ամեն ինչ հնարավոր է անցանկալի հետևանքների բերի: Հուսանք, մեր քաղաքացիները չեն դիմի ծայրահեղությունների:
- Պարոն Աթանեսյան, ստեղծված իրավիճակում օրակարգայի՞ն է ռազմաքաղաքական շտաբի ձևավորման հարցը, կա՞ն բավարար իրավական հիմքեր՝ դրա ստեղծման համար:
- Մենք բավականին հետաքրքիր իրավիճակում ենք՝ իրավական առումով: Նիկոլ Փաշինյանի ստորագրած փաստաթուղթը իր տեսակով դասվում է միջազգային այն պայմանագրերի դասին, որոնք անպայմանորեն ենթակա են սահմանադրության ստուգման և վավերացման՝ խորհրդարանի կողմից և դրանից հետո նոր կարող է իրավական ուժ ստանալ, գործել: Բայց նա ստորագրել է այդ փաստաթուղթը և միանգամից սկսել է այն գործել, սա ոչ իրավական փաստաթուղթ է, այսինքն իրավական առումով զրո է, այն իրավունքի ուժ չունի, դա նշանակում է, որ Հայստանը միանգամայն կարող է այն չկատարել:
Մի կարևոր նրբություն. Քանի որ մեր երկրում դե յուրե հայտարարված չէր պատերազմ, հետևաբար Զինված ուժերը գտնվում են Գլխավոր շտաբի պետի ղեկավարման տակ, և ոչ թե վարչապետի: Իսկ այսպիսի պայմաններում ԳՇ պետը իրավաչափորեն կարող է չկատարել ստորագրած պամանագրի պահանջը։ Բայց այստեղ մենք գործ ունենք վճռորոշ պահի հետ, կդիմի՞ զինվորականությունն այդ քայլին, թե ոչ… չեմ կարող կանխատեսել:
- ՀՀ ՊՆ–ից պաշտոնապես հայտնեցին, որ հայկական զորքերը դուրս են բերվում Արցախից, փաստը սա է, կնշանակի՝ ԳՇ-ն չդիմագրավե՞ց քաղաքական որոշմանը:
- Դե… սա դեռ ամբողջական պահանջի կատարումը չէ, ուժերի դուրս բերումը դեռ ոչինչ չի նշանակում, կարող են մեկ օրում բեկանել ամեն բան: Գուցե հայտարարվում է, որ Զինված ուժերը չի կատարում պայմանագրի պահանջը և դա ամբողջությամբ իրավաչափ է:
-Այսօր մենք հրամանների արձակում-կատարում չենք տեսնում, կարծես կանգ է առել ողջ պետական համակարգը, եթե այս ամուլ վիճակը վաղը կրկնվի, արդյո՞ք սա չի նշանակում, որ երկրում դե ֆակտո իշխանություն չկա:
-Այս պահին իմ զգացողությամբ մենք չունենք իշխանություն, ոչ մի գերատեսչություն չի աշխատում, բայց ես չէի շտապի սա որակել սահմանադրական կարգի տապալում: Եթե քաոսը տևի ևս մի քանի օր, կդառնա պետության կոլապս, չեն գործի պետության միջազգային պայմանագրերը և սսահմանադրական կարգը կտապալվի:
Բայց լայվերը դեռ կան, և միակ ինստիտուտը, որ անխափան աշխատում է դեռ՝ բանակն է, որտեղ գեներալիտետը կա ու հրամաններ տրվում-կատարվում են: Այս միջոցին լիովին կարող է ձևավորվել կենտրոնականմ շտաբը, բայց դա նորից ոմանց համար կդառնա հեղաշրջման փորձ, ոմանց համար իրավիճակի փրկօղակ՝ ճգնաժամից դուրս գալու համար…բայց վարչապետը դեռևս պաշտոնավարում է, կնշանակի շտաբի լեգալացման հարցում ժողովուրդը քննություն կբռնի, այն կդառնա՞ պետական մարմին՝ իր ողջ լծակներով հանդերձ, թե՞ ոչ:
-Վերադառնանք նախագահի ինստիտուտին. իրավականորեն ի՞նչ լծակ ունի նախագահ Արմեն Սարգսյանը՝ բեկում մտցնելու պատմական ցավալի իրողության մեջ, ո՞րն է այդ պատմական շանսը, որը ցանկության դեպքում բեկում կմտցնի:
-Նախագահի ինտիտուտը մեզանում ոչ թե պրակտիկ մեխանիզմներ ունեցող ինստիտուտ է, այն հեղինակություն պետք է ունենա: Նախագահը համարվում է սահմանադրության պահպանման երաշխավորը, ուստի նրա ամենաուժեղ զենքը կարող է մեկ ուղերձը լինել, որով նա կարող է ուղղորդել հասարակության տրամադրություններն ու գործողությունները: Այս պահին նա կարող է միայն մեկ ուղերձով հայտարարել, որ վարչապետի ստորագրած փաստաթուղթը չունի իրավական ուժ և դա հիմք է Գլխավոր շտաբի պետի համար, որպեսզի նա հրաժարվի պայմանագրի պահանջը կատարել: Պարզապես նա պետք է օգտվի իր կարգավիճակից, և որպես սահմանադրության երաշխավոր հայտարարությամբ դիմի բանակի հրամկազմին, ժողովրդին ու Ազգային ժողովին, սա լրիվ իրավական հիմնավոր պայման է, ցանկացած իրավական համակարգ սա հիմնավոր կգնահատի, այդ ուղերձը իրավական արագ արձագանքման գործիք է ու կարող է շրջադարձ ապահովել:
Սյուզի Բադոյան
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը