06 11 2020

ՀՀ և Արցախի ՄԻՊ-երի զեկույցը՝ Ադրբեջանի կողմից քիմիական տարրերով զենք կիրառելու մասին

ՀՀ և  Արցախի ՄԻՊ-երի զեկույցը՝ Ադրբեջանի կողմից քիմիական տարրերով զենք կիրառելու մասին

ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Հայաստանի և Արցախի մարդու իրավունքների պաշտպանները հրապարակել են համատեղ զեկույց ադրբեջանական զինված ուժերի կողմից Արցախում հրկիզող, քիմիական տարրեր պարունակող (հնարավոր է՝ սպիտակ ֆոսֆոր) զանգվածային ոչնչացման զինատեսակ կիրառելու վերաբերյալ:

Արտահերթ զեկույցի հետևությունները հիմնված են զեկույցում ներկայացված ապացույցներով (քաղաքացիական բնակիչների մարմինների վնասվածքների 18+ լուսանկարներով, քարտեզային ցուցադրող պատկերներով և այլն):

Առանձին հետևություններ հիմնված են Երևանի Մխիթար Հերացու անվան պետական բժշկական համալսարանի Ռազմաբժշկական ֆակուլտետի հետազոտությունների վրա:

Համատեղ ուսումնասիրությունները հաստատել են, որ հրկիզող զինատեսակն օգտագործվել է Արցախի քաղաքացիական օբյեկտների և անտառների դեմ՝ առաջացնելով երկարաժամկետ ծանր հետևանքներ խաղաղ բնակչության և շրջակա միջավայրի համար:

Զանգվածային ոչնչացման հրկիզող զինատեսակի կիրառման շատ դեպքերում (օրինակ՝ Ննգի, Սղնախ, Ակնաղբյուր, Թաղավարդ, Տող, Քարին Տակ և այլ համայնքներում) անտառները գտնվում են բնակավայրերին անմիջականորեն մոտ. օրինակ` անգամ 100 մետր հեռավորությամբ:

Հետևաբար, խոսքը գնում է նաև քաղաքացիական բնակչության կյանքի և առողջության համար անխուսափելի երկարաժամկետ վնասի մասին:

Մարդու իրավունքների պաշտպանների համատեղ փաստահավաք աշխատանքների արդյունքում պարզվել է, որ Արցախի գրեթե բոլոր շրջաններում վնասվել է ընդհանուր շուրջ 1815 հեկտար անտառապատ տարածք:

Հաշվի առնելով զինատեսակի առանձնահատկությունները, այս թիվը կարող է աճել նույնիսկ եթե այն այլևս չշարունակվի կիառվել:

Ավելին, արձանագրվել է, որ որոշ քաղաքացիական բնակավայրերում (օրինակ՝ Ննգի, Տաղավարդ, Ակնաղբյուր և այլն) ավերածություններ են պատճառվել քաղաքացիական բնակչության համար կենսական նշանակություն ունեցող օբյեկտներին (օրինակ՝ գազամատակարարման խողովակներ և այլն):

Սույն արտահերթ զեկույցը վեր է հանել առնվազն հետևյալ փաստերը՝ անկախ կիրառված զինատեսակի քիմիական տարրերի կոնկրետ տեսակներից.

1) կիրառված զինատեսակն ունի զանգվածային ոչնչացման բնույթ,

2) այն պարունակում է քիմիական տարրեր,

3) զինատեսակը կիրառվում է անտառների նկատմամբ և առաջացնում է զանգվածային հրդեհներ ու երկարաժամկետ ծանր վնաս շրջակա միջավայրի համար,

4) այս զինատեսակի առաջացրած հրդեհը չի մարում անգամ այն մարող նյութերով կամ ջրով՝ ըստ մասնագիտական գնահատականների,

5) անտառները, որոնց նկատմամբ կիրառվել են այս նյութերը, գտնվում են քաղաքացիական բնակավայրերն անմիջականորեն մոտ,

6) ըստ փաստահավաք աշխատանքների՝ անտառներում ադրբեջանական զինված հարձակումներից պատսպարվում են նաև խաղաղ բնակիչներ, որոնք հավանաբար տուժել են այս զինատեսակի կիառումից,

7) այս զինատեսակի օգտագործումը քաղաքացիական օբյեկտների դեմ արգելված է միջազգային իրավունքով և կարող է հանգեցնել պատերազմական հանցագործության»:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ