21 10 2020

Ինչպե՞ս պետք է ԶԼՄ-ները պաշտպանվեն սահմանափակող օրենսդրական փաթեթից․ 168.am

Ինչպե՞ս պետք է ԶԼՄ-ները պաշտպանվեն սահմանափակող օրենսդրական փաթեթից․ 168.am

Ըստ ՀՀ ոստիկանության հրապարակած հաղորդագրության՝ մասնավորապես, Հայաստանի Հանրապետությունում եւ Արցախի Հանրապետությունում ընթացող մարտական գործողություններով պայմանավորված՝ քաղաքացիական անձանց (խմբերի) շարժի, մարտական գործողությունների հետեւանքով պատճառված կորուստների եւ վնասների վերաբերյալ հաղորդումների՝ հրապարակումների, տեղեկատվական նյութերի, հարցազրույցների եւ դրանց հետ անմիջականորեն առնչվող այլ տեղեկությունների հրապարակային տարածումը, փոխանցումը, ներառյալ` ինտերնետային կայքերում եւ սոցիալական ցանցերում, այսուհետ կատարվելու է բացառապես պետական մարմինների կողմից տրամադրված պաշտոնական տեղեկատվության հղումով` ամբողջությամբ արտացոլելով պաշտոնական տեղեկատվությունը (առանց խմբագրման):

Արգելվում է պետական եւ տեղական ինքնակառավարման մարմինների ու պաշտոնատար անձանց` ռազմական դրության իրավական ռեժիմի եւ պետական անվտանգության ապահովմանն առնչվող գործողությունները (այդ թվում` ելույթները, հրապարակումները) քննադատող, հերքող, դրանց արդյունավետությունը կասկածի տակ դնող կամ որեւէ այլ կերպ արժեզրկող հաղորդումների հրապարակումը:

Արգելվում է Հայաստանի Հանրապետության եւ Արցախի Հանրապետության պաշտպանունակության ու անվտանգության դեմ ուղղված քարոզչությունը, այդ թվում` ՀՀ եւ ԱՀ պաշտպանունակությունը կասկածի տակ դնող հաղորդումների հրապարակումը:

Սույն կանոնների պահպանման նկատմամբ հսկողությունն իրականացնում է Հայաստանի Հանրապետության ոստիկանությունը, եւ հենց ոստիկանությունն էլ այցելելու է մարդկանց բնակարաններ ու խմբագրություններ՝ պարտադրելով հեռացնել այս կամ այն հրապարակումը՝ հընթացս ահռելի տուգանքների մասով վարչական արձանագրություններ կազմելով:

Իրավիճակի աբսուրդն այն է, որ պարտադրվում է հեռացնել նաեւ առհասարակ որեւէ հրապարակում, որում քննադատություն կա իշխանությունների հասցեին, այն դեպքում, երբ իշխանական պատգամավորներն ու գործիչները, լրատվամիջոցները, ինչպես նաեւ նրանց համակիր հ/կ սեկտորն ասում ու գրում են՝ ինչ ուզում են: Էլ չենք խոսում կազմակերպված ֆեյքային հարձակումների մասին:

168.am-ը գերմանաբնակ իրավագիտության դոկտոր Գոռ Հովհաննիսյանին խնդրել է իրազեկել, թե ստեղծված իրավիճակում, երբ ԶԼՄ-ների աշխատանքի համար ըստ էության անհաղթահարելի խոչընդոտներ են ստեղծվում, ո՞րն է ելքը:

«Օրենքից պաշտպանվելու միակ խելամիտ եղանակը Սահմանադրական դատարան (ՍԴ) դիմելն է»,- ասաց իրավագիտության դոկտորը՝ հավելելով նաեւ, որ ցանկացած լրատվամիջոց, սպառելով ներպետական դատական ատյանները, կարող է դիմել ՍԴ, սակայն դա երկարատեւ պրոցես է:

«Օրինակ, Ձեր լրատվամիջոցը կարող է վիճարկել տուգանքի մասին որոշումը, հասնել Վճռաբեկ դատարան ու հետո՝ ՍԴ, կամ էլ պիտի ՄԻՊ-ը կամ պատգամավորների 1/5-ը դիմեն»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը:

Ըստ նրա՝ մյուս տարբերակն էլ այն է, որ լրատվամիջոցը Վարչական դատարանում միջնորդի վերջինիս՝ դիմել ՍԴ, այդ դեպքում արդեն կարիք չի լինի հասնել մինչեւ Վճռաբեկ դատարան:

«Կարող եք դիմել նաեւ ՄԻԵԴ՝ ժամանակավոր միջոց կիրառելու համար, չնայած իրականում նման հրատապ վարույթներ պիտի նախատեսված լինեին նաեւ հայկական դատարանների համար, որովհետեւ լինում են իսկապես շատ հրատապ դեպքեր, երբ սվորական վարույթով հարցը լուծելը շատ ուշ կլինի: Գերմանական բոլոր դատարաններում կան նման հրատապ վարույթներ»,- ասաց Գոռ Հովհաննիսյանը՝ նշելով, որ այս պահին ինքը հենց նման մի գործով վճիռ է գրում, երբ հայցվորն արագացված վարույթով դիմել է վարչական դատարան:

Նշենք, որ ներպետական դատական ատյաններում կա հայցի ապահովման միջոց կիրառելու պրակտիկան, բայց այն եւս ունի սահմանափակումներ, եւ միշտ չէ, որ մեզ մոտ հնարավոր է միջանկյալ միջոց կիրառելու խնդրով դիմել դատարան:

Ամեն դեպքում, ըստ Գոռ Հովհաննիսյանի, հարցը լուծելու մի քանի տարբերակ կա՝

«Դուք ինքներդ անհատական դիմում եք ներկայացնում, ՍԴ է դիմում կամ պատգամավորների 1/5-ը, կամ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպանը, եւ վերջապես՝ հարցը կարող է լուծվել նաեւ ՄԻԵԴ-ում»,- եզրափակեց գերմանաբնակ իրավագիտության դոկտորը:

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 9-ին բաց նամակով ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին էր դիմել Հայաստանի ժուռնալիստների միության նախագահ Սաթիկ Սեյրանյանը. դիմումում ասվում էր․

«․․․Խնդրում եմ Ձեր դիրքորոշումը վերոնշյալ լրացման մասին։ Մասնավորապես, թե արդյոք օրենքների նախագծերի այս փաթեթը չի՞ հակասում ՀՀ սահմանադրությանը, չի՞ սպառնում առհասարակ ազատ մամուլի գոյությանը, եւ չի՞ վտանգում Մարդու իրավունքների եւ հիմնարար ազատությունների պաշտպանության մասին եվրոպական կոնվենցիայով նախատեսված ազատորեն արտահայտվելու, սեփական կարծիք ունենալու, տեղեկություններ եւ գաղափարներ ստանալու եւ տարածելու ազատությունը՝ առանց պետական մարմինների միջամտության: Ակնկալում ենք, որ օգտվելով Ձեր լիազորություններից, հնարավորինս հրատապ կարձագանքեք, գործուն քայլեր կձեռնարկեք եւ նաեւ կդիմեք Սահմանադրական դատարան։ Նշված փոփոխությունը խախտում է Սահմանադրությամբ նախատեսված կարծիքի արտահայտման ազատությունը եւ համաչափ չէ հետապնդվող իրավաչափ նպատակին»։

Հոկտեմբերի 12-ին էլ համատեղ դատապարտող հայտարարությամբ հանդես եկան նաեւ Հայաստանի ժուռնալիստների միությունն ու թվով 25 լրատվամիջոցներ: Հայտարարության մեջ, մասնավորապես, ասվում էր. «Պատկան մարմիններին կոչ ենք անում առանց այն էլ այս լարված օրերին անհարկի քաշքշուկների չենթարկել լրատվամիջոցներին, հստակեցնել լրատվական գործունեություն իրականացնողի կողմից ռազմական դրության ընթացքում տեղեկությունների հրապարակման կամ տարածման հստակ կանոնները, որոնց խախտման դեպքում սահմանվել են տուգանքներ։ Լրատվամիջոցները հստակ պետք է տեղեկացվեն այդ կանոնների մանրամասներին, որպեսզի հնարավոր խախտումը կանխվի, եւ ոչ թե՝ հրապարակվելուց հետո լրատվամիջոցը ենթարկվի պատասխանատվության։ Այլապես իրավապահ մարմինների կողմից լրատվամիջոցներին ուղարկված ծանուցումները եւ այցելությունները (այդ թվում՝ առանց զգուշացման) խտրական եւ կամայական մոտեցումների տպավորություն են թողնում, հատկապես, երբ դրանք հավասարապես չեն կիրառվում բոլոր լրատվամիջոցների նկատմամբ»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ