17 10 2020

Կա առնվազն 36 քաղաքացիական զոհ և 115 վիրավոր. Արտակ Բեգլարյան

Կա առնվազն 36 քաղաքացիական զոհ և 115 վիրավոր. Արտակ Բեգլարյան

Սեպտեմբերի 27-ից թիրախավորվել են ավելի քան 130 բնակավայրեր, որոնք գտնվում են տարբեր աշխարհագրության վրա՝ հարավից մինչեւ հյուսիս, եւ սահմանամերձ գյուղերից մինչեւ ամենախորքային բնակավայրերը: Այս մասին նշեց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը:

«Մեր հաշվարկներով այս հարվածների հետեւանքով 7800 անշարժ գույք է վնասվել, մասնավորապես բնակարան, տուն, խանութ եւ այլն: Վնասվել է 1310-ից ավելի ենթակառուցվածք, հանրային կամ արտադրական նշանակության օբյեկտներ եւ 720-ից ավելի շարժական գույք, մասնավորապես, մեքենա:

1310 ենթակառուցվածքներիի մեջ մտնում են էլեկտրամատակարարման համակարգերը, կենտրոնները, կայանները, ցանցերը: Նույնը կապի եւ հաղորդակցության ոլորտում, ջրամատակարարման, գազամատակարարման ոլորտում, ինչպես նաեւ ճանապարհատրանսպորտային ոլորտում, ներառյալ կամուրջները: Այս թվի մեջ մտնում են նաեւ դպրոցներ, մանկապարտեզներ, հիվանդանոցներ, մշակութային կենտրոնն եւ եկեղեցիներ»,-ասաց նա:

Արդեն երկու միջանկյալ զեկույցներ ենք ներկայացրել սեպտեմբերի 27-ից ի վեր Ադրբեջանի կողմից քաղաքացիական բնակչության եւ զինծառայողների նկատմամբ տեղի ունեցած իրավախախտումներ վերաբերյալ

«Նաեւ երեկ ամփոփեցի մեկ փակ զեկույց Ադրբեջանի զինված ուժերի կողմից հայ քաղաքացիական անձանց եւ զինծառայողների հանդեպ անմարդկային վերաբերմունքի դեպքերի վերաբերյալ: Զեկույցը փակ է, որովհետեւ այնտեղ բավականին դեպքեր կան, որոնք դաժան պատկերներ են ներկայացնում: Սակայն արդեն բավականին շատ խողովակներով համապատասխան միջազգային կազմակերպություններին, որոշում կայացնողներին ուղարկել ենք եւ շարունակում ենք ուղարկել, որպեսզի տեսնեն, թե ինչ խնդիրներ հայ զինծառայողների դիակների, հայ ռազմագերիների եւ քաղաքացիական անձանց հանդեպ, որոնք կատարվում են Ադրբեջանի ԶՈՒ կողմից»,-ասաց նա:

Արտակ Բեգլարյանը ամփոփ թվեր ներկայացրեց. «Այս պահի դրությամբ մեր տվյալներով առկա է առնվազն 36 քաղաքացիական զոհ եւ 115 վիրավոր: Այդ 36 զոհից 20-ը սպանվել է իր բնակության վայրում, ինչը նշանակում է, որ անակնկալ հարձակման հետեւանքով եւ թիրախային դիտավորյալ հարձակման հետեւանքով են այս դեպքերը տեղի ունեցել: Գիտենք, որ ադրբեջանական կողմը կիրառում է գերճշգրիտ հրթիռային համակարգեր եւ ԱԹՍ-ներ, որոնց միջոցով հնարավոր է կանխատեսել, թե ինչ թիրախի են հարվածում: Սա նշանակում է, որ սխալի հավանականությանը շատ-շատ ցածր է»,-ասաց նա:

Արցախի օմբուդսմենի ներկայացմամբ 36 զոհերից 8-ը կին է, 28-ը՝ տղամարդ:

Վիրավորների դեպքում նույնպես, ըստ նրա, նրանց կեսը վիրավորվել է իր բնակության վայրում: «115 վիրավորից 95-ը լուրջ վիրավորում է ստացել, 20-ը թեթեւ վիրավորումներ: Այդ 95-ից 18-ը կանայք են, 77-ը՝ տղամարդիկ»,-ասաց Բեգլարյանը՝ հավելելով, որ տեղի ունեցածը պատերազմական հանցագործություններ են:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ