07 10 2020

Վերաքննիչ դատարանը կարելի է համարել մեռած․ Նաիրա Զոհրաբյան

Վերաքննիչ դատարանը կարելի է համարել մեռած․ Նաիրա Զոհրաբյան

 

ԲՀԿ պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը, ճեպազրույցի ընթացքում անդրադառնալով Գագիկ Ծառուկյանի խափանման միջոց կալանքը փոխելու միջնորդության մերժմանը․ նշեց․«Հավատում էինք, որ այս իրավիճակում, երբ մեզ օդի ու ջրի պես անհրաժեշտ է միասնականություն, համախմբում, դատարանը հավատարիմ կմնար բացարձակապես իրավունքին և օրենքին:  Չնայած իմ բազմաթիվ գործընկերների հետ ամենօրյա քննարկումներին ու տեսակետներին, թե այս դատարանը ևս հավատարիմ կմնա այն քաղաքական ենթատեքստին, ինչը կա Գագիկ Ծառուկյանին հետ կապված այս ողջ գործընթացի մեջ, ես անհույս լավատեսներից մեկն էի: Ցավում եմ, որ նույնիսկ այսօր մարդիկ չկարողացան վեր կանգնել անձնական հաշվեհարդարներից»,-ասաց պատգամավորը՝ նշելով, թե համաձայն է Ծառուկյանի փաստաբանների այն կարծիքին, որ այսօրվա կայացրած որոշումից հետո այս դատական ինստիտուտը կարելի է համարել մեռած:

«Մեկ բան հստակ է՝ այս գործով 20 մեղադրյալ կա, որոնք, ըստ հայտարարությունների, կազմակերպել են ինչ-ինչ գործընթացներ, և որևէ մեկի հանդեպ կալանքը չի ընտրվել որպես խափանման միջոց՝ ի տարբերություն Ծառուկյանի»,-ասաց Զոհրաբյանը՝ ընդգծելով, որ շատ ավելի կոշտ գնահատականներ հնչեցնելու օրը չէ, ծանր հարցեր տալու և շատ ավելի բաց խոսելու ժամանակը գալու է: «Այսօր ուղղակի անթույլատրելի է հասարակության մեջ բարիկադներ դնելը, մենք ներսում խրամատներ չպետք է ունենանք, պետք է հասկանանք, որ ունենք մեկ թշնամի՝ միացյալ թուրք-ադրբեջանական տեռորիստական տանդեմը»,-հայտարարեց նա:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ