18 09 2020

Մեկ տարի ՍԴ նիստերը բոյկոտած Վահե Գրիգորյանը հավակնում է դառնալ ՍԴ փոխնախագահ․ «Փաստինֆո»

Մեկ տարի ՍԴ նիստերը բոյկոտած Վահե Գրիգորյանը հավակնում է դառնալ ՍԴ փոխնախագահ․ «Փաստինֆո»

«Փաստինֆո»-ն գրում է․

««Փաստինֆո»-ի տեղեկություններով սեպտեմբեր 18-ին ՀՀ Սահմանադրական դատարանում նախատեսված է աշխատակարգային նիստ, որին առաջին անգամ կմասնակցեն նորանշանակ դատավորներ Արթուր Վաղարշյանն ու Էդգար Շաթիրյանը։

Ինչպես արդեն տեղեկացրել ենք՝ նրանք արդեն այսօր երդում են տվել ԱԺ-ում ու Սահմանադրական դատարանի նախագահի լիազորությունները ժամանակավորապես կատարող Աշոտ Խաչատրյանը նրանց ներկայացրել է Սահմանադրական դատարանի դատավորներին և աշխատակազմին։ Երրորդ դատավոր Երվանդ Խունդկարյանը դեռ չի ստանձնել պարտականությունները, քանզի պետք է մինչ այդ հրաժարվի վճռաբեկ դատարանի նախագահի պաշտոնից։

«Փաստինֆո»-ի հավաստի տվյալներով՝ ՍԴ աշխատակարգային նիստում ներառված է նաեւ ՍԴ փոխնախագահի ընտրությունը ու բացառված չէ, որ այս տեղին հավակնի հենց ՍԴ-ում ճգնաժամ ստեղծելու ակունքներում կանգնած Վահե Գրիգորյանը՝ այդպիսով ստանձնելով նաեւ ՎԴ նախագահի ժամմանակավոր պարտականությունները։

Նկատենք, որ Վ. Գրիգորյանը ՍԴ դատավորի գործառույթներն ստանձնելու պահից՝ 2019թ. հունիսի 20-ից մինչ օրս չի մասնակցել ՍԴ որեւէ նիստի, չի կատարել ՍԴ դատավորի որեւէ գործառույթ, ձախողել է իրեն մակագրված գործերի քննությունը, որի հետեւանքով դրանք վերամակագրվել են այլ դատավորների, նաեւ գաղտնի մեկնել է գործողումների աշխատանքային օրերին։ Այդուհանդերձ, առանց աշխատանքի ներկայանալու, շուրջ մեկ տարի օգտվել է ՍԴ դատավորի բոլոր արտոնություններից, ստացել աշխատավարձ, պարգեւատրումներ՝ չկատարած աշխատանքի համար։

Նկատենք, որ չնայած այս մասին բազմիցս հայտարարվել է ու նաեւ «Փաստինֆո»-ն հրապարակել է պաշտոնական հարցման պատասխանը՝ Վ.Գրիգորյանի կողմից պարտականությունները չկատարելու վերաբերյալ, սակայն դատախազությունը որեւէ ընթացք չի տվել ու քրեական հետապնդում չի հարուցել՝ մինչդեռ ամեն օր տարածվում են հաղորդագրություններ՝ նախորդ իշխանությունների օրոք գրանցված առերեույթ այսօրինակ դեպքերի առթիվ քրեական գործեր հարուցելու ու մեղադրանքներ առաջադրելու մասին անգամ եթե այդ դեպքը գրանցվել է որեւէ հեռավոր մարզի դպրոցում։

Ի դեպ, ՍԴ նախկին փոխնախագահ Ալվինա Գյուլումյանի աշխատասենյակը արդեն իսկ Վ. Գրիգորյանի կողմից յուրացվել է: Ընդ որում  Ա. Գյուլումյանը մինչ այդ հնարավորություն չի էլ ունեցել իր սենյակից վերցնել անձնական իրերը: Այլ կերպ ասած՝ աշխատանքային սենյակի ընդունման հանձնման պաշտոնական գործընթաց տեղի չի ունեցել:  Հիշեցնենք, որ հունիսի 26-ին տեղի ուեցած միջադեպից հետո, երբ Հրանտ Նազարյանին թույլ չեն տվել մուտք գործել ՍԴ շենք՝ Ա. Գյուլումյանը ՍԴ շենք չի գնացել՝ նմանատիպ իրավիճակում չհայտնվելու համար»:

 

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ