Իրավապաշտպան Ավետիք Իշխանյանը գրում է․
«ՄԻԵԴ-ն արդեն երկրորդ անգամ, իր հրատապ որոշումով մարդկային կյանք է փրկում։ Առաջինը Սամվել Մայրապետյանի գործն էր, ի դեպ՝ կալանավորված շատ կասկածելի մեղադրանքով, մեկ անձի ցուցմունքով։ Գագիկ Խաչատրյանի գործը երկրորդ դեպքն է։ Փաստորեն, եթե Հայաստանը չլիներ ԵԽ անդամ, ամենայն հավանականությամբ Սամվել Մայրապետյանն արդեն մահացած կլիներ, իսկ Գագիկ Խաչատրյանին հավանաբար նույն ճակատագիրը կսպառնար մոտ ապագայում։Այդ անձանց համար, բարեբախտաբար, նրանք ունեցան որակյալ փաստաբաններ, որոնք էլ կարողացան իրենց մասնագիտական հմտությունների շնորհիվ փրկել իրենց պաշտպանյալների կյանքերը։ Իսկ ի՞նչ անեն, որակյալ փաստաբաններ չունեցող, բայց ծանր հիվանդություններով տառապող այլ ազատազրկվածները։
Հայաստանի իշխանություններին, փաստորեն, բացարձակապես չեն հետաքրքրում մարդու տարրական , հատկապես ամենակարևոր՝ կյանքի իրավունքը, քանի որ չեմ կարծում, թե ոլորտի մասնագետները չեն գիտակցում նման դեպքերի լրջությունը։ Հայաստանի իշխանությունների վրա չազդեց նաև բազմաթիվ միջազգային կազմակերպությունների հորդորները համավարակի պայմաններում խուսափել կալանք կիրառելուց և ազատ արձակել ռիսկային խմբում գտնվող կալանավորներին։ Սակայն ամենամեծ ցավն այն է, որ վերոնշյալ դեպքերով, հայ հասարակությունը , ոչ թե զայրանում է իշխանությունների գործունեությունից, այլև ողջունում մարդկանց տառապանքները, ելնելով ոչ թե մարդու իրավունք հասկացողությունից, այլ , այսպես կոչված «նախկինների» նկատմամբ ատելությունից»։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը