Սահմանադրական դատարանի նախագահի եւ 3 ՍԴ դատավորների գործերն ամենայն հավանականությամբ եզրափակվելու են՝ Եվրադատարանում դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտումը արձանագրելով։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է սահմանադրագետ Գոհար Մելոյանը։
Իրավաբանը հիշեցրել է, որ այս օրերին քննարկման առարկա է Սահմանադրական դատարանի նախագահի եւ դատավորների կողմից Եվրոպական դատարան ներկայացված գանգատի իրավական ճակատագիրը․
«Կարծում եմ՝ հաշվի առնելով Վոլկովն ընդդեմ Ուկրաինայի, Բական ընդդեմ Հունգարիայի եւ այլ գործերով Եվրոպական դատարանի հայտնած իրավական դիրքորոշումները և ձևավորած իրավակիրառ պրակտիկան՝ Սահմանադրական դատարանի նախագահի եւ 3 դատավորների գործերն ամենայն հավանականությամբ եզրափակվելու են՝ Եվրոպական դատարանի կողմից դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտումը արձանագրելով» , գրել է Գոհար Մելոյանը։
Ըստ Սահմանադրագետի՝ առաջնային հարցերը, որոնց սույն վարույթի շրջանակում պետք է տրվեն պատասխաններ, հետևյալն են՝
«1․ Արդյո՞ք Հայաստանի Հանրապետությունում առկա է այնպիսի ներպետական ատյան, որտեղ դատավորները կարող են հայցել իրենց ենթադրյալ իրավունքների խախտումները (իմ գնահատմամբ՝ այդպիսիք առկա չեն),
2․ արդյո՞ք սահմանադրական փոփոխությունների գործընթացը համապատասխանում է ՀՀ ներպետական օրենսդրության պահանջներին, և եթե ոչ, ապա արդյո՞ք դա հանգեցրել է դատավորների՝ Եվրոպական կոնվենցիայի մի շարք հոդվածներով նախատեսված իրավունքների խախտման։
3․ Համոզված եմ, որ վարույթի շրջանակներում անդրադարձ կլինի նաեւ ՍԴ դատավորների լիազորությունների դադարեցման համար անցումային շրջան նախատեսելու վերաբերյալ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվությանը Ազգային ժողովի կողմից չհետեւելու խնդրին, ինչի արդյունքում Սահմանադրական դատարանում ստեղծվել է ճգնաժամային իրավիճակ, որը կարտացոլվի վերոնշյալ դատավորների վարույթներում գտնվող գործերի վրա՝ ոտնահարելով դիմումատուների արդար դատաքննության իրավունքի իրացման հնարավորությունը»։
Արդյունքում, գրել է Գոհար Մելոյանը, հաշվի առնելով ՄԻԵԴ-ի նախադեպային պրակտիկան՝ մեծ է հավանականությունը, որ նշված գործով ոչ միայն կհաստատվի դատավորների կոնվենցիոնալ իրավունքների խախտման փաստը, այլև կսահմանավի ՀՀ պարտավորությունը հնարավորինս սեղմ ժամկետում դատավորներին վերականգնել իրենց պաշտոններում։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը