07 07 2020

Կարո՞ղ է դադարեցվել Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները. պարզաբանում․ Armdaily.am

Կարո՞ղ է դադարեցվել Ալեքսանդր Ազարյանի լիազորությունները. պարզաբանում․ Armdaily.am

ArmDaily.am-ը գրում է․ «ArmDaily.am-ին տեղեկություններ էին հասել, որ ամենայն հավանականությամբ՝ դատավոր Ալեքսանդր Ազարյանի գործով ԲԴԽ-ն որոշում կկայացնի դադարեցնել դատավորի լիազորությունները։ 

ԲԴԽ անդամ Գրիգոր Բեքմեզյանը մեզ հետ զրույցում ասաց, որ այս պահին օրենսդրությունը հնարավորություն չի տալիս մինչև մայիսի 2-ը հարուցված որևէ վարույթով որևէ դատավորի լիազորություն դադարեցնել։ «Խոսքը միայն Ազարյանի մասին չէ, ես ընդհանրապես եմ խոսում»։ Բեքմեզյանը պարզաբանեց, որ անցյալ տարի ԲԴԽ-ն դադարեցրել էր դատավոր Արայիկ Մելքումյանի լիազորությունները։ Մելքումյանը Սահմանադրական դատարանում վիճարկել էր Դատական օրենսգրքի այն հոդվածը, որի ուժով իր լիազորությունները դադարեցվել էին։ «Հոդվածը, որը հնարավորություն էր տալիս ԲԴԽ-ին անմիջապես դադարեցնել դատավորի լիազորությունները՝ ՍԴ-ն ճանաչել է հակասահմանադրական։ Այդ հոդվածի հակասահմանադրականությունը տարածվում է մինչև այս տարվա մայիսի 2-ը հարուցված գործերի վրա։ Այսինքն, մինչև մայիսի 2-ը հարուցված որևէ գործով դատավորի լիազորությունները չեն կարող դադարեցվել։ Օրենքը ԲԴԽ-ին լիազորություն է տալիս ցանկացած գործով, որոնք հարուցված են մինչև մայիսի 2-ը դատավորների նկատմամբ կիրառել կարգապահական տույժի հետևյալ տեսակները. նախազգուշացում, նկատողություն, խիստ նկատողություն, կամ մերժել միջնորդությունը, երբ դատավորը որևէ պատասխանատվության չի ենթարկվում»,-ասաց Բեքմեզյանը։

ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ միջնորդություն էր ներկայացրել Արդարադատության նախարար Ռուստամ Բադասյանը: Կարգապահական վարույթ հարուցելու հիմք է հանդիսացել Հատուկ քննչական ծառայության պետի կողմից արդարադատության նախարարին՝ մարտի 13-ին ուղղված հաղորդումը։ Հաղորդումն ուսումնասիրելով՝ արդարադատության նախարարը Ազարյանի նկատմամբ հարուցել է կարգապահական վարույթ։ ԲԴԽ-ն վարույթի վերաբերյալ որոշումը կհրապարակի հուլիսի 9-ին։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ