03 07 2020

Արդյո՞ք իրավաչափ են Ոստիկանության գործողությունները․ պարզաբանում է սահմանադրագետը

Արդյո՞ք իրավաչափ են Ոստիկանության գործողությունները․ պարզաբանում է սահմանադրագետը

Սահմանադրագետ Գոհար Մելոյանը գրում է․

«Արդյո՞ք իրավաչափ են Ոստիկանության գործողությունները

Այսօր ArmNews TV և 5-րդ ալիք / 5 TV հեռուստաընկերություններ են այցելել ոստիկաններ՝ պարետի որոշման հիման վրա դիմակ չկրելու պատրվակով, վերոնշյալ հեռուստաընկերություններին վարչական պատասխանատվության ենթարկելու նպատակով:

Շաբաթներ առաջ անդրադարձել էի «պարետի որոշում» իրավական եզրույթի իրավաչափությանը /վերլուծությունս՝ մեկնաբանություններում/:

1️⃣ Մեր օրենսդրության մեջ պարետի կողմից որոշում ընդունելու իրական հիմքն ընդունվել է 2020 թվականի ապրիլի 29-ին՝ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» ՀՕ-238-Ն օրենքով, համաձայն որի՝ խմբագրվեց «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքի 8-րդ հոդվածը՝ պարետին ընձեռելով վարչապետի կամ փոխվարչապետի նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասությամբ:

Այս իրավակարգավորումն ուժի մեջ է մտել 2020 թվականի մայիսի 7-ից:

Այսինքն՝ արձանագրում ենք, որ մինչև 2020 թվականի մայիսի 7-ն ընդունված պարետի որոշումներն ակնհայտորեն նորմատիվ իրավական ակտ չեն կարող համարվել, իսկ դրանց հիման վրա ընդունված վարչական ակտերն առոչինչ են, քանի որ Սահմանադրության 6-րդ՝ «Օրինականության սկզբունքը» վերտառությամբ հոդվածի 2-րդ մասը հստակ սահմանում է, որ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԸ ԿԱՐՈՂ ԵՆ ՕՐԵՆՔՈՎ ԼԻԱԶՈՐՎԵԼ ԸՆԴՈՒՆԵԼՈՒ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ: Լիազորող նորմերը պետք է ՀԱՄԱՊԱՏԱՍԽԱՆԵՆ ԻՐԱՎԱԿԱՆ ՈՐՈՇԱԿԻՈՒԹՅԱՆ ՍԿԶԲՈՒՆՔԻՆ:

2️⃣ «ՀՀ ողջ տարածքում կիրառվող ժամանակավոր սահմանափակումների վերաբերյալ» պարետի որոշումը, որի հիման վրա իրականացվում են վարչական վարույթները, ընդունվել է 2020 թվականի մայիսի 3-ին՝ մինչև վերոնշյալ օրենքի ուժի մտնելը, ՀԵՏԵՎԱԲԱՐ՝ ինքնին այս որոշումը հակաիրավական է:

3️⃣ Խնդիրն ավելի խորքային է: Պատահական չէր, որ «Արտակարգ դրության իրավական ռեժիմի մասին» օրենքը, նախատեսելով պարետի ինստիտուտը, չէր լիազորել նրան որոշումներ ընդունելու հնարավորությամբ, քանի որ նույն Սահմանադրության 6-րդ հոդվածը ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԵՐ ընդունելու իրավասությամբ լիազորում է բացառապես ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻՆ, իսկ պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ:

4️⃣ Անկախ այն հանգամանքից, որ մայիսի 7-ից ուժի մեջ մտած դրույթի համաձայն՝ պարետին ընձեռնվել է վարչապետի կամ փոխվարչապետի նորմատիվ իրավական ակտեր ընդունելու իրավասություն, իսկ կառավարության որոշման համաձայն՝ պարետ է նշանակվել փոխվարչապետը, պարետի որոշումների ընդունող մարմին չի նշվում փոխվարչապետը, այլ նշվում է «պարետ», իսկ, ինչպես արդեն նշել էի, պարետը Սահմանադրությամբ նախատեսված մարմին չէ և իրավասու չէ ընդունելու իրավական ակտեր։

5️⃣ Իր հերթին, «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքը սահմանում է, որ ԵՆԹԱՕՐԵՆՍԴՐԱԿԱՆ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏԸ Սահմանադրության և օրենքների հիման վրա և դրանց իրականացումն ապահովելու նպատակով օրենքով լիազորված լինելու դեպքում ՍԱՀՄԱՆԱԴՐՈՒԹՅԱՄԲ ՆԱԽԱՏԵՍՎԱԾ ՄԱՐՄԻՆՆԵՐԻ ԸՆԴՈՒՆԱԾ ՆՈՐՄԱՏԻՎ ԻՐԱՎԱԿԱՆ ԱԿՏ Է:

Բացի այն, որ վերոգրյալից բխում է պարետի կողմից նորմատիվ իրավական ակտեր ընդունելու անհնարինությունը, չեն պահպանվել նաև այդ ակտերին ներկայացվող տեխնիկական պահանջները:

Այսպես՝ «Նորմատիվ իրավական ակտերի մասին» օրենքի համաձայն՝ նորմատիվ իրավական ակտի հերթական համարից անմիջապես հետո իրավական ակտում իրավական ակտն ընդունող մարմինը «Ն» (նորմատիվ) տառով նշում է կատարում դրա նորմատիվ բնույթի մասին, ինչը պարետի որոշումների պարագայում բացակայում է՝ կրկին հիմնավորելով դրանց հակաիրավական բնույթը:

Ամփոփելով վերոգրյալը՝ կրկին եզրահանգում և պնդում եմ, որ պարետի որոշումներն առնվազն վիճարկելի են, իսկ դրանց հիման վրա կայացված վարչական ակտերը ենթակա են բողոքարկման առոչինչ լինելու հիմքով»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ