News.am-ը գրում է․ «Սահմանադրական դատարանի փոխնախագահ Ալվինա Գյուլումյանը, որի վրա դրված է ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանին արձակուրդի ընթացքում փոխարինելու պարտականությունը, վերջին մեկ շաբաթում չի փորձել մուտք գործել Սահմանադրական դատարանի շենք։ Գյուլումյանը, որը պնդում է, որ իր լիազորությունները չեն կարող համարվել դադարեցված, դեռևս նախորդ շաբաթ հայտարարել էր, որ չի գնալու ՍԴ շենքի մոտ ոստիկանի հետ պայքարելու։
NEWS.am–ի հարցին, թե այլևս չի՞ գնալու աշխատանքի, Գյուլումյանը պատասխանեց. «Առայժմ ոչինչ ասել չեմ կարող»։
Վերջին օրերին Սահմանադրական դատարան չի ներկայացել նաև ՍԴ անդամ Ֆելիքս Թոխյանը, իսկ ՍԴ նախագահ Հրայր Թովմասյանն ու ՍԴ անդամ Արևիկ Պետրոսյանը գտնվում են պաշտոնական արձակուրդում։
Նշենք, որ այսօր Սահմանադրական դատարանի վարչական շենք է փորձել մուտք գործել ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանը, որին, սակայն, ոստիկանները առանց որևէ իրավական հիմնավորման, թույլ չեն տվել մտնել ներս։ Ավելի ուշ ոստիկանությունը պարզաբանեց, որ իրենք գործել են Սահմանադրական նորմերի անմիջական գործողության տրամաբանությունից ելնելով։ Ոստիկանությունը հղում կատարելով Սահմանադրության 213-րդ հոդվածում կատարված փոփոխություններին, արձանագրել էր, որ սահմանադրական դատարանի արդեն նախկին անդամներն իրավունք չունեն մուտք գործելու Սահմանադրական դատարանի վարչական շենք:
Նշենք, որ Սահմանադրական դատարանի շենքում անցագրային ռեժիմի հետ կապված հարցերը կարգավորվում են սահմանադրական դատարանի աշխատակարգի 3-րդ հավելվածով։ Համաձայն այդ հավելվածի՝ Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու թույլտվություն տալու կարգը սահմանում է աշխատակազմի ղեկավարը: ՍԴ աշխատակազմի ղեկավար Էդգար Ղազարյանը NEWS.am–ին հայտնեց, որ ինքը որևէ գրություն չի ուղարկել ոստիկաններին Հրանտ Նազարյանի մուտքն արգելելու վերաբերյալ։
«Ո՞վ է հրահանգ տվել իրեն ներս չթողնել, նույն հաջողությամբ ոստիկանությունը կարող էր թույլ չտալ Արայիկ Թունյանին մուտք գործել ՍԴ, ո՞վ է որոշում կայացնողը, նրանք այդպես էլ չեն բացատրել, թե ի՞նչ անհատական իրավական ակտի հիման վրա են նման հրահանգ տվել, իսկ Սահմանադրության փոփոխությանը հղում կատարելը որևէ կապ չունի կոնկրետ անձին մուտք ն արգելելու որոշման հետ։ Սահմանադրական դատարանի աշխատակազմի և ՀՀ ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչություն հատուկ գնդի միջև գոյությունուն ունի համատեղ կարգ, որով և կանոնակարգվում են, թե ո՞վ և ի՞նչ ընթացակարգով կարող է մուտք գործել Սահմանադրական դատարան, և այլ ընթացակարգային հարցեր»,–ասաց նա։
Ղազարյանը նշեց, որ Նազարյանն է իրեն տեղյակ պահել, որ թույլ չեն տալիս իրեն մուտք գործել շենք։ Նշենք, որ աշխատակազմի ղեկավարը Սահմանադրական դատարանի շենք մուտք գործելու ժամկետային (մինչև մեկ տարի ժամկետով) անցաթուղթ կարող է տրամադրել։ Ղազարյանը տեղեկացրեց, որ համավարակով պայմանավորված հեռավար է աշխատում և միջադեպի պահին ՍԴ շենքում չի եղել, որպեսզի անհրաժեշտության դեպքում Նազարյանին անցաթուղթ տրամադրի։
ՍԴ աշխատակազմի ղեկավարը միաժամանակ տեղեկացրեց, որ վերջին անգամ ՍԴ–ն նիստ է գումարել հունիսի 30–ին, սակայն նիստը չի կայացել, քանի որ քվորում չի եղել։ Նշենք, որ նիստն իրավազոր է, եթե դրան մասնակցում է ՍԴ առնվազն հինգ անդամ, իսկ վերջին նիստին ներկա են եղել չորսը՝ Վահե Գրիգորյանը, Արայիկ Թունյանը, Արման Դիլանյանը և Աշոտ Խաչատրյանը։ Վերջինս ի դեպ՝ ըստ վարչապետի և ԱԺ նախագահի ֆեյսբուքյան գրառումների, համարվում է ՍԴ նախագահի պարտականությունները կատարող, մինչդեռ ինքը՝ Խաչատրյանը, հայտարարել է, որ դրա համար դեռևս առկա չէ իրավական հիմք։
Նշենք, որ ՍԴ հաջորդ նիստը նշանակված է հուլիսի 7–ին։ Այդ օրը Բարձր դատարանը պետք է սկսեր ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի դիմումի հիման դրա՝ 300.1 հոդվածի՝ Սահմանադրությանը համապատասխանության հարցի քննությունը, սակայն այսօր հայտնի դարձավ, որ Սահմանադրական դատարանում ՀՀ ԱԺ ներկայացուցիչը միջնորդություն է ներկայացրել ՍԴ՝ խնդրելով հետաձգել հուլիսի 7-ին նշանակված գործի քննությունը, ԱԺ-ին տրամադրել ՄԻԵԴ եւ Վենետիկի հանձնաժողովի խորհրդատվական կարծիքների հայերեն թարգմանությունները, ինչպես նաեւ ողջամիտ ժամկետ այդ կարծիքներին ծանոթանալու համար։
Էդգար Ղազարյանը տեղեկացրեց նաև, որ ՍԴ-ն մինչեւ օրս չի քննարկել ՍԴ դիմումը հետ վերցնելու մասին Ռոբերտ Քոչարյանի միջնորդությունը, ինչպես նաեւ հունիսի 22-ին ԱԺ ընդունած սահմանադրական փոփոխությունների սահմանադրականությունը վիճարկող ԲՀԿ-ի դիմումը։ Ասել է, թե ներկա պահին խաթարված է Սահմանադրական դատարանի աշխատանքը։
Նկատենք, որ Հայաստանում ստեղծված սահմանադրական ճգնաժամն ավելի խորքային դրսևորում ստացավ երկրի մայր օրենքի հապճեպ փոփոխությունից, ինչպես նաև դրան հաջորդած «Սահմանադրական դատարանի մասին» օրենքի փոփոխությունից հետո, հատկապես, երբ հանրապետության նախագահը հայտարարեց, որ չի ստորագրելու Ազգային ժողովի ընդունած օրենքը։ Հարց է առաջանում՝ ներկա պահին Հայաստանի Հանրապետության իրավակարգում Սահմանադրության գերակայությունը և անմիջական գործողությունն ապահովող բարձրագույն մարմին գոյություն ունի՞, թե ոչ։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը