Իրավապաշտպան Ռուբեն Մելիքյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․
«Հենց նոր ոստիկանության բարձրաստիճան սպաները խոչընդոտել են ՍԴ դատավոր Հրանտ Նազարյանի մուտքը Սահմանադրական դատարան։ Դատավորի պահանջին ի պատասխան՝ ներկայացնելու իր մուտքը խոչընդոտելու իրավական հիմք, ոստիկանները ոչինչ չեն ներկայացրել։
Չէին էլ կարող ներկայացնել, քանի որ միակ «իրավական» հիմքը բռնապետի վերածված վարչապետի ֆեյսբուքյան «հրովարտակն» է։
Ոստիկանության տվյալ սպաները (առնվազն նրանց հրամանատարը) կատարել են հանցագործություն և չեն կարող ազատվել պատասխանատվությունից՝ պնդելով, որ հրաման են կատարել։ Հիշեցնում եմ, որ համաձայն ՀՀ քրեական օրենսգրքի 47-րդ հոդվածի 2-րդ մասի համաձայն՝ «Ակնհայտ անօրինական հրամանով կամ կարգադրությամբ դիտավորյալ հանցանք կատարած անձը պատասխանատվություն է կրում ընդհանուր հիմունքներով», այսինքն՝ չի ազատվում պատասխանատվությունից։
Միաժամանակ, նույն հոդվածի 3-րդ մասի համաձայն՝ «Ակնհայտ անօրինական հրամանը կամ կարգադրությունը չկատարելը բացառում է քրեական պատասխանատվությունը»»։
Իրավապաշտպանի գրառումը մեկնաբանել է սահմանադրագետ Արամ Վարդևանյանը․
« Ոստիկանությունը քիչ առաջ պարզաբանում է տարածել և դրանից պարզ է դառնում, որ Ոստիկանությունը ունի լիազորություն որի մասին այսքան տարի լռել են. Սահմանադրության նորմերի վերջնական մեկնաբանումն է: Ավելին՝ դրան պետք է գումարել նաև Ոստիկանության բացառիկ նոր լիազորությունը՝ ՍԴ դատավորի լիազորությունների դադարեցման արձանագրման մասով: Եթե Ոստիկանության հարգելի ծառայողները չեն գիտակցում, որ սրանով մի շարք քրեական օրենսգրքրեի նորմերին են առնչվում, ես շատ ցավում եմ»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը