25 06 2020

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը վստահ է, որ քրգործը կդադարեցվի․ РИА Новости

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանությունը վստահ է, որ քրգործը կդադարեցվի․ РИА Новости

«ՌԻԱ Նովոստի»-ն անդրադարձել է  ՀՀ 2-րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանության կողմից Սահմանադրական դատարանից հայցերը հետ կանչելուն։

«Փաստաբանական թիմը հետ է կանչում հայցերը, որպեսզի հիմնական օրենքում ՍԴ ղեկավարին լիազորություններից զրկելու փոփոխությունների դեմ բողոքարկման դեպքում խոչընդոտներ չստեղծի պատգամավորների համար»,- Արամ Օրբելյանի խոսքերը մեջբերելով՝ նշում է գործակալությունը։

Ավելի վաղ ընդդիմադիր «Բարգավաճ Հայաստան» կուսակցության խորհրդարանական խմբակցությունը հայտարարել էր, որ նախաձեռնում է պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-ի (27 խորհրդարանական) ստորագրությունների հավաք՝ Սահմանադրական դատարան դիմելու համար, որպեսզի վիճարկի հիմնական օրենքի փոփոխությունները, որոնք նախատեսում են լիազորություններից զրկել ՍԴ ղեկավարին։ Կուսակցությունում կոչ են արել «Լուսավոր Հայաստան» երկրորդ ընդդիմադիր կուսակցությանը միանալ նախաձեռնությանը, որպեսզի հավաքվի ստորագրությունների անհրաժեշտ քանակը։ Չորեքշաբթի օրը «Լուսավոր Հայաստան»-ի առաջնորդ Էդմոն Մարուքյանը հայտարարել էր, որ քաղաքական ուժը փոփոխությունների հարցով ՍԴ կդիմի ՍԴ-ի կողմից Քոչարյանի գործը քննելուց հետո, որպեսզի խուսափի հարցի քաղաքականացումից։ Այդ հարցով ՍԴ առաջին նիստը նշանակվել է հուլիսի 7-ին։

«Մենք հետ ենք կանչում մեր երկու դիմումները, որոնք ներկայացրել էինք Սահմանադրական դատարան մոտ մեկ տարի առաջ։ Այսօր առավոտյան մենք քննարկեցինք Քոչարյանի հետ այդ հարցը, եւ նա հայտարարեց, որ եթե իր գործի պատճառով կարող են խոչընդոտներ առաջանալ պառլամենտարիզմի զարգացման ճանապարհին, ապա հայցերը պետք է հետ կանչել»,- նշեց փաստաբանը՝ հավելելով, որ խմբակցություններից մեկը, «անհասկանալի պատճառներով ՍԴ դիմելու հարցը կապել է նախկին նախագահի գործի հետ»։

Օրբելյանը համոզվածություն հայտնեց, որ Քոչարյանի դեմ քրեական գործը կդադարեցվի Երեւանում առաջին ատյանի դատարանի կողմից՝ հաշվի առնելով Մարդու իրավունքների եվրոպական դատարանի եւ Եվրոպայի խորհրդի Վենետիկի հանձնաժողովի կարծիքները։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ