19 06 2020

Կարող եմ գլուխ գովել՝ Արսեն Նիկողոսյանն իմ պրակտիկանտն է եղել. Ալեքսանդր Ազարյան. Tert.am

Կարող եմ գլուխ գովել՝ Արսեն Նիկողոսյանն իմ պրակտիկանտն է եղել. Ալեքսանդր Ազարյան. Tert.am

Դատավոր Արսեն Նիկողոսյանին ճանաչում եմ մոտ 5 տարի, շատ գրագետ մարդ է, շատ լավ դատավոր, կարող եմ գլուխ գովել, որ ինքն իմ պրակտիկանտն է եղել: Այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Ալեքսանդր Ազարյանը՝ անդրադառնալով Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Արսեն Նիկողոսյանի որոշմամբ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին գրավի դիմաց կալանքից ազատ արձակելուն հաջորդած՝ դատավորին ուղղված քննադատություններին ու թիրախավորմանը:

 

«Մենք պետք է սովորենք, որ նման քննադատութուններ չլինեն, իշխանության ճյուղերը տարանջատվեն: Անկախ նրանից՝ որոշումից գո՞հ են կողմերը թե՞ ոչ, հարցերը պետք է լուծել իրավական հարթությունում»,- ասել է նա:

Հարցին՝ ինչո՞ւ են Ռոբերտ Քոչարյանին ազատ արձակելու որոշումներից հետո սկսում հայտարարել, թե պետք է իրականացնել դատավորների վեթինգ, արդյոք չի ստացվո՞ւմ, որ վեթինգը քաղաքական նպատակով է կիրառվելու, Ազարյանը պատասխանել է՝ միանշանակ: «Ես մոտ մեկ տարի առաջ հարցազրույցներից մեկում ասել եմ, որ վեթինգի մասին հաջորդ անգամ խոսակցություն լինելու է Ռոբերտ Քոչարյանին հերթական անգամ ազատ արձակելուց հետո: Փաստորեն, չեմ սխալվել»,- ասել է նա:

 

Հարցին՝ ԲԴԽ-ն պե՞տք է արձագանքի սոցցանցային հարձակումներին, Ազարյանը նշեցլ է, թե ԲԴԽ-ն պետք է պարտադիր անդրադառնա:

Նրա խոսքով ՝ դատավորներին չթիրախավորելու համար նախևառաջ դատարանների, դատավորների նկատմամբ վստահություն պետք է լինի, և հասարակության իրավագիտակցությունը պետք է բարձրացվի, որպեսզի նման խոսակցություններ չլինեն:

Հարցին՝ ինքն այդ ուղղությամբ տարվող աշխատանքներ տեսնու՞մ է, որպեսզի դատավորների իմիջն ու պաշտպանվածությունը բարձրացնա, դատավորը պատասխանել է, թե ինքը ոչ մի փոփոխություն չի տեսնում:

Հիշեցնենք՝ ՀՀ երկրորդ նախագահին ազատ արձակելու որոշումը Ազարյանը կայացրել էր 2018-ին՝ նախագահի անձեռնմխելիության հիմքով, ինչին հաջորդել էր Հանրապետության հրապարակում վարչապետի հայտարարությունն ուղղված դատավորներին՝ խելքներդ գլուխներդ հավաքեք:

Այնուհետև, Քոչարյանին Արցախի նախկին նախագահների երաշխավորությամբ կալանքից ազատ էր արձակել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Դավիթ Գրիգորյանը, ինչին հաջորդել էր վարչապետի՝ գործադիր մարմնի ղեկավարի կոչն ու քայլերը՝ դատարանների մուտքերն ու ելքերը փակելու մասին:

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ