ԱՆ անձնական տվյալների պաշտպանության գործակալությունը՝ որպես պետական մարմին, պետք է առանց որևէ դիմումի զբաղվի Նիկոլ Փաշինյանի հրապարակումներով, սակայն այդ գործակալությունն անգործության է մատնված: Yerevan.Today-ի հետ զրույցում ասաց ՀՀ առաջին ՄԻՊ, իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով վարչապետ Նիկոլ Փաշինյանի վերջին գրառումներին, որտեղ երկրի ղեկավարը հրապարակում է քաղաքացիների լուսանկարները, որտեղ վերջիններս խախտում են արտակարգ դրության պայմաններում պարետատան սահմանած կանոնները:
Բացի անձնական տվյալների պաշտպանության գործակալությունից, որին կարող են քաղաքացիները դիմել, հարցով Լարիսա Ալավերդյանի՝ պետք է զբաղվի նաև դատախազությունը՝ առանց որևէ դիմումի, քանի որ օրենսգրքով վարչապետի այս արարքն օրինազանցություն է համարվում:
Իրավապաշտպանի խոսքով՝ այս պարագայում վարչապետը բացարձակ անձեռնմխելիություն չունի.«Հակառակը՝ ընդհանուր առմամաբ օրենսդրության սկզբունքներից մեկն այն է, որ եթե պաշտոնատար անձ է, ապա ավելի խիստ է լինում պատիժը, կամ պատասխանատվությունը»:
Ինչպես նշում է տիկին Ալավերդյանը՝ ներկայիս իշխանություններն ի սկզբանե՝ դեռ իշխանափոխության օրերից էր մարդկանց ծաղրով վերաբերում. «Սկզբից էլ նրանց ոճը եղել է վիրավորական, անձին նսեմացնելը՝ կապ չունի իշխանություն է եղել, թե ոչ: Եվ եթե մենք ճիշտը խոսենք, ապա այն, ինչ կոչվում է թվաշյա հեղափոխություն, դրա համար հանրությունը պարտական է 3-րդ նախագահին, որովհետև հենց նա է, որ ուժ չի կիրառել, երբ մասսայաբար խախտվում էին այս կամ այն օրենքի նորմերը: Այնպես որ մարդուն նսեմացնելու ոճը ի սկզբանե եղել է որդեգրված իշխանության եկած խմբի կողմից, և դա մոլորություն է, որ նրանք ուրիշ են եղել»:
Լարիսա Ալավերդյանը նաև հավելում է, որ իրականում իշխանությունների նպատակը հասարակության մեջ քաոս ստեղծելն է. «Ես գնալով ավելի եմ համոզվում, որ հենց քաոս ստեղծելն է նպատակը, կամ մարդկանց իրար դեմ հանելը: Եվ այս մանիպուլյատիվ տեխնոլոգիաները՝ դրսից են կառավարվում, թե ներսից, նպաստում են պետության մեջ քաոս ստեղծելուն, և սա հասարակ ու մանր բան չէ, սա ազգային անվտանգության վերաբերող ամենասիստեմատիկ օգտագործվող մարտահրավերն է»:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը