Alternativ.am-ը գրում է․ «Այսօր հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահի տեղակալ Ալեն Սիմոնյանը դատի է տվել «Այլընտրանք» ՀԿ համանախագահ, քաղաքագետ Գարեգին Պետրոսյանին. հայցադիմումը դատարան մուտք է եղել մայիսի 12-ին և նույն օրը մակագրվել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Էդուարդ Ամալյանին:
Alternativ.am-ը փորձեց կապ հաստատել Ալեն Սիմոնյանի հետ՝ պարզելու համար, թե կոնկրետ ինչի համար է ԱԺ փոխխոսնակը դատական հայց ներկայացրել քաղաքագետի դեմ, սակայն Սիմոնյանի հետ կապվելու մեր բոլոր փորձերն ապարդյուն անցան. պատգամավորի օգնականն ասաց, որ Սիմոնյանը գտնվում է Արցաի Հանրապետությունում և միայն մայիսի 23-ին հնարավոր կլինի նրա հետ կապ հաստատել:
Դրանից հետո կապ հաստատեցինք «Այլընտրանք» ՀԿ համանախագահ Գարեգին Պետրոսյանի հետ, ով մեզ հետ զրույցում հայտնեց, որ գաղափար չունի՝ ինչով է պայմանավորված ԱԺ փոխխոսնակի նմանատիպ պահվածքը:
«Գլխի ընկնում եմ, սակայն, թե ինչ նպատակ է այս ամենը հետապնդում. գլխավոր նպատակը մեկն է՝ մեզ լռեցնելը: Նշեմ, որ սա միակ դատական գործը չէ, որով մեր հասարակական կազմակերպության անդամ է անցնում: Իրավապաշտպան Մարինա Պողոսյանը դատական հայց է ներկայացրել Կորյուն Գրիգորյանի դեմ, իսկ մեր ՀԿ մյուս համանախագահը՝ Նարեկ Մանթաշյանը, վկայի կարգավիճակ ունի չարաբաստիկ «Քթի գործով», որով տուժող է ճանաչվել դատավոր Աննա Դանիբեկյանը»,- մեզ հետ զրույցում,- մեզ հետ զրույցում հայտնեց քաղաքագետը:
Պետրոսյանը հավելեց, որ նմանօրինակ ճնշումները ոչ մի կերպ չեն ազդելու իրենց հասարակական կազմակերպության գործունեության վրա, և որ իրենց բազմապատկված եռանդով են շարունակելու աշխատել:
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը