Այս նախագիծը երկու անուն ունի՝ երկար ու կարճ: Երկար անվանումն է ՀՀ ՔՕ-ում փոփոխություններ կատարելու մասին, իսկ կարճը՝ «հերթական մերժվածը»: Ագային ժողովում հայտարարեց ԲՀԿ-ական պատգամավոր Գևորգ Պետրոսյանը՝ ներկայացնելով իր հերթական նախագիծը, որը բացասական եզրակացություն է ստացել գլխադասային հանձնաժողովում:
ԲՀԿ-ական պատգամավորն առաջարկում է վաղեմության ժամկետ չկիրառել այն դեպքում, եթե եղել է Սահմանադրական կարգի տապալում:
«Անկախ նրանից, թե այդ արարքից որքան ժամանակ է անցել, անձը ենթակա պետք է լինի քրեական պատասխանատվության: Կառավարությունն ասում է, թե ըստ ՄԻԵԴ-ի՝ վաղեմության ժամկետ չպետք է կիրառել միայն մարդկության դեմ ուղղված հանցագործությունների դեպքում: Բայց սրանից արդեն իսկ շեղում եղել է խոշտանգումների առնչությամբ: ՄԻԵԴ-ը լավ է արել, որ այդպես է որոշել, բայց ՀՀ-ն ինքնիշխան պետություն է»,-ասաց պատգամավորը։
Պետրոսյանի բնորոշմամբ՝ օրինագծի առնչությամբ կառավարությունը նաև ասում է, որ եթե նման բան սահմանենք, իրավապահ մարմինները հանցագործությունից երկար ժամանակ անցնելու դեպքում չեն կարողանա արդյունավետ քննություն իրականանել, քանի որ ժամանակի ընթացքում ապացույցները ոչնչացնում են, մոռացվում են վկաներին հայտնի տեղեկությունները: «Կներեք, բայց քրեական օրենսգրքում 11 տեսակի հանցագործություններ կան, որոնց ապացույցները ժամանակի ընթացքում թարմանում են, ծաղկում, «ծիկ» անում, իսկ իմ առաջարկած դեպքում՝ փչանում ու վերանո՞ւմ են…չհասկացա՝ 15 տարում սահմանադրական կարգի տապալման ապացույցները կարող են փչանա՞լ: Դա հանրորեն վտանգավոր արարք է: Եթե որևէ երկրում սահմանադրական կարգ է տապալվում, այդ երկիրն ունակ չէ դիմակայել մարտահրավերներին»,-համոզմունք հայտնեց Գևորգ Պետրոսյանը:
Պատգամավորը կոչ արեց կողմ քվեարկել նախագիծն ԱԺ քառօրյա նիստերի օրակարգ ընդգրկելու համար, որպեսզի հնարավորություն ստեղծվի լիագումար նիստերի ֆորմատով քննարկում կազմակերպելու համար։
* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը