04 05 2020

Դատավոր Դանիբեկյանի պարտականությունները միջազգային փաստաթղթերով. Panorama.am

Դատավոր Դանիբեկյանի պարտականությունները միջազգային փաստաթղթերով. Panorama.am

Panorama.am-ը գրում է. GPARTNERS իրավաբանական ընկերության տնօրեն Սարգիս Գրիգորյանն իր հոդվածում անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի ու մյուսների գործով տեղին ունեցած զարգացումներին.

«Տևական ժամանակ է՝ Մարտի 1-ի գործով տեղի չեն ունենում որևէ դատավարական գործողություններ՝ չնայած, որ պաշտպանների կողմից ներկայացված միջնորդությունները պետք է քննության առնվեին անհապաղ։ Իհարկե, այստեղ թերացել են թե՛ Բարձրագույն դատական խորհուրդը և թե՛ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության դատարանի նախագահը` յուրաքանչյուրն իր իրավասության շրջանակներում։

Այս պահին այդ խախտումները դնելով մի կողմ՝ պետք է նշել, որ դատավոր Դանիբեկյանն է այն բացառիկ իրավասու անձը, ով արտակարգ դրության պայմաններում ավելի մեծ պատասխանատվությամբ պետք է մոտենա իր պարտականությունների անկախ և անաչառ կատարմանը՝ զերծ մնալով խտրականության դրսևորումներից։ Այս սկզբունքները ամրագրված են մի շարք միջազգային փաստաթղթերում, մասնավորապես` Մարդու իրավունքների եվրոպական կոնվենցիայի 15-րդ հոդվածի (արտակարգ դրություն) կիրառման պրակտիկայում։

Վերջերս միջազգային համայնքը նույնպես ընդունեց բացառիկ իրավական փաստաթղթեր՝ կոչ անելով անդամ երկրներին անհապաղ քայլեր ձեռնարկել բանտարկյալների իրավունքները Եվրոպայում պաշտպանելու համար:

Քննելիս միջնորդությունները դատավոր Դանիբեկյանը պետք է իր որոշումների հիմքում դնի Խոշտանգումների և անմարդկային կամ արժանապատվությունը նվաստացնող վերաբերմունքի կամ պատժի կանխարգելման եվրոպական կոմիտեի (ԽԿԿ) 2020 թվականի մարտի 20-ին հրապարակած ազատազրկված անձանց նկատմամբ վերաբերմունքի սկզբունքները՝ Կորոնավիրուսի (COVID-19) համավարակի համատեքստում։

Տվյալ պարագայում՝ փաստաթղթի 5-րդ կետի համաձայն՝ մոտ անձնային կոնտակտը նպաստում է վիրուսի տարածմանը, համապատասխան բոլոր մարմինները պետք է գործադրեն հստակ ջանքեր՝ անցնելու ազատազրկման այլընտրանքային տարբերակների։ Նման մոտեցման անհրաժեշտությունը առաջնային է և պարտադիր։ Դրանից բացի՝ իշխանությունները ավելի շատ պետք է օգտվեն մինչդատական կալանքի այլընտրանքներից, պատժի ժամանակահատվածի կրճատումից, վաղաժամ ազատումից և պրոբացիայից։

Ավելին՝ փաստաթղթի 6-րդ կետով ամրագրված է, որ առողջապահական խնամքի առումով անհրաժեշտ է հատուկ ուշադրություն դարձնել ազատազրկված անձանց հատուկ կարիքներին, հատկապես խոցելի և/կամ ռիսկային խմբերին, մասնավորապես՝ 60-ից բարձր անձանց և արդեն իսկ որևէ հիվանդություն ունեցող անձանց։

Սկզբունքների պարտադիր կիրառելիության մասին հայտարարել է նաև ԵԽ-ի մարդու իրավունքների հանձնակատարը` կոչ անելով անդամ երկրներին պաշտպանելու կալանավայրերում գտնվող անձանց իրավունքները պանդեմիայի ընթացքում:

Ավելին, դատավոր Դանիբեկյանը պետք է նաև հաշվի առնի ՄԱԿ-ի կառույցների կողմից ընդունված մի շարք փաստաթղթեր, օրինակ՝ Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի և Առողջապահության համաշխարհային կազմակերպության կողմից մշակված «Միջգործակալական հարցերով մշտական հանձնաժողովի միջանկյալ ուղեցույցը COVID-19-ի վերաբերյալ. Ուշադրություն ազատությունից զրկված անձանց վրա»:

2020թ. մարտի 25-ին Հանձնակատարը հորդորեց կառավարություններին և իրավասու մարմիններին արագորեն նվազեցնել մարդկանց թվաքանակը կալանավայրերում: Նա նաև նշեր էր, որ իշխանությունները պետք է լուծումներ փնտրեն ազատ արձակելու այն անձանց, ովքեր COVID-19-ի խոցելի խումբ են հանդիսանում, այդ թվում՝ տարեց կալավորները, տարբեր հիվանդություններ ունեցող անձինք:

Հանձնակատարը նաև նշել է, որ «Այժմ՝ առավել քան երբևէ, կառավարությունները պետք է բոլոր կալանավորված անձանց ազատ արձակեն՝ առանց բավարար իրավական հիմքի առկայության, ներառյալ՝ քաղբանտարկյալներին և այլ անձանց, ովքեր քննադատական կամ հակադիր կարծիքներ արտահայտելու պատճառով կալանավորվել են»:

Այսպիսով՝ ևս մեկ անգամ հարկ է նշել, որ Ռոբերտ Քոչարյանը «քաղբանտարկյալ է…», որի հասկացությունը ամրագրված է 2012 թվականի Եվրոպայի Խորհրդի Խորհրդարանական Վեհաժողովի թիվ 1900(2012) բանաձևում, քանի որ Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանին ազատությունից զրկումը իրականացվել է Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին Եվրոպական կոնվենցիայով սահմանված հիմնարար իրավունքների խախտմամբ և քաղաքական շարժառիթներով պայմանավորված։

Ավելին՝ Ռոբերտ Քոչարյանի ազատազրկումն ակնհայտ անարդար դատաքննության արդյունք է, ինչը նույնպես ունի քաղաքական դրդապատճառներ»։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ