Եվ որքան էլ բարձրացված աղմուկից հետո ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը տեսանյութի պատրաստման պատասխանատվությունը գցեր Դատական դեպարտամենտի վրա, ակնհայտ էր, որ այն պատրաստելու պատվերը հենց ինքն էր տվել, որովհետև դրանից կարճ ժամանակ առաջ Հանրային հեռուստաընկերության (Հ1) եթերում նա ինքն էր հնչեցրել բոլոր այն գործերով ստուգումների անոնսը, որոնք հետո տեղ պիտի գտնեին նշված տեսանյութի մեջ:
Իսկ խոսքը ՀՀ 2-րդ և 3-րդ նախագահներ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի, Ֆինանսների նախկին նախարար Գագիկ Խաչատրյանի, Նախկին փոխոստիկանապետ, ոստիկանության զորքերի հրամանատար Լևոն Երանոսյանի և լուսահոգի գեներալ Մանվել Գրիգորյանի գործերին էր վերաբերում:
Ըստ այդ տեսանյութի՝ գերազանցիկներ հռչակվեցին Երևան քաղաքի քրեական դատարանի նախագահ Մնացական Մարտիրոսյանն ու նախկին նախագահ Արթուր Մկրտչյանը, ովքեր համապատասխանաբար քննում էին գեներալ Մանվել Գրիգորյանի և Գագիկ Խաչատրյանի գործերը: Պարզվեց՝ Դատախազությունը բողոքարկել է Մնացական Մարտիրոսյանի կայացրած վճիռը, որովհետև վերջինս համաներում էր կիրառել մի հոդվածով, որի վրա այն չէր տարածվում, իսկ Արթուր Մկրտչյանն, այնուամենայնիվ, չավարտեց Գագիկ Խաչատրյանի գործի քննությունը. գնաց թոշակի:
Հիմա կարգապահական պատասխանատվության առաջ կանգնած է Ռոբերտ Քոչարյանի գործը քննած դատավոր Աննա Դանիբեկյանը: Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը համարում է, որ 4 տարի 4 ամիս տևած դատավարության մեղավորն Աննա Դանիբեկյանն է, մի դատավոր, ով անվերապահորեն կատարել է այս գործով իջեցված գրեթե բոլոր պատվերները: Պետք էր գտնել քավության նոխազ, և այն կդառնա Աննա Դանիբեկյանը:
Ի դեպ, ԲԴԽ-ում լավ են հասկանում, որ ԲԴԽ աշխատակազմի ուսումնասիրությունների հիման վրա վարույթ հարուցելու և այն քննելու դեպքում կասկածի տակ կարող է դրվել ԲԴԽ-ի՝ օրինական դատարան լինելու հանգամանքը, ինչի մասին բարձրաձայնել են նաև մասնագիտական հանրության ներկայացուցիչները, և հենց դրա համար, թերևս, ինչպես պարզվեց, ՀՀ ԱՆ-ն իր միջնորդության մեջ որպես առիթ նշել է Դատական դեպարտամենտի տեսանյութի վերահրապարակումը՝ «Iravaban.net» կայքում։
Հուլիսի 16-ին ԲԴԽ-ն հավանաբար կդադարեցնի վերջինիս լիազորությունները՝ նկատի ունենալով այն այլանդակությունը, որն այս գործով արեց ԲԴԽ-ն հուլիսի 10-ին:
Թվում էր, թե դատավոր Դավիթ Հարությունյանի վերաբերյալ կարգապահական վարույթի ընթացքում թույլ տված սանձարձակությունը, երբ առանց վերջինիս ներկայության քննություն կատարվեց, ու դադարեցվեցին դատավորի լիազորությունները, այլևս նման բան տեղի չէր ունենա: Հատկապես, որ Սահմանադրական դատարանը (ՍԴ) արձանագրեց՝ կոպտորեն խախտվել է դատավորի լսված լինելու իրավունքը, և կարգապահական վարույթը նորից պետք է քննվի:
Բայց որ մի քանի րոպե ուշացման համար ԲԴԽ-ն ափալ-թափալ, առանց Աննա Դանիբեկյանի, կբացի նիստն ու կփակի՝ հեռանալով խորհրդակցական սենյակ՝ որոշում կայացնելու, թերևս, նոր նվաճում է անգամ Կարեն Անդրեասյանի անվան ԲԴԽ-ի համար:
Դրանից մեկ օր առաջ դատավոր Դանիբեկյանը հարցեր էր հնչեցրել, ապա՝ խնդրել տրամադրել նիստերի արձանագրության կրիչը՝ պատասխանը պատրաստելու և ներկայացնելու համար։ Այդ հիմքով դատական նիստը հետաձգվել էր և պետք է շարունակվեր հուլիսի 10-ին, որի ընթացքում դատավոր Աննա Դանիբեկյանը պետք է ներկայացներ պատասխանը՝ իր դեմ հարուցված վարույթի վերաբերյալ, սակայն ընդամենը մի քանի րոպե ուշանալու համար նրան այդ հնարավորությունը չտրվեց։ ԲԴԽ-ն հեռացավ խորհրդակցական սենյակ՝ առանց դատավորի դիրքորոշումը լսելու։
Հատկանշական է, որ նույն այդ օրը՝ հուլիսի 10-ին, ԲԴԽ-ում երեք նիստ կար նշանակված, որոնցից երկուսը նշանակված ժամից մի քանի րոպե ուշ մեկնարկեցին, և դա խնդիր չդարձավ, ու միայն Աննա Դանիբեկյանի պարագայում նիստը մեկնարկեց ճիշտ ժամանակին ու տևեց մի քանի րոպե: Եվ սա այն դեպքում, երբ ավելի ուշ Աննա Դանիբեկյանն «Ազատությանն» ասել էր, որ «ԲԴԽ ժամանելու ճանապարհին զանգել և տեղեկացրել է, որ նիստից երեք րոպե կուշանա: Դանիբեկյանի խոսքով՝ խորհրդի անդամները տեղյակ են եղել, որ դատարանում ինքն այսօր պատրաստվում էր ապացույցներ ներկայացնել»: Մինչդեռ Կարեն Անդրեասյանը ստեց՝ ասելով՝ տեղյակ չեն՝ ինչու նիստին ներկա չէ դատավորը:
Մի քանի րոպեն ոչինչ չէր փոխելու, հանգիստ կարող էին և սպասել դատավորին, հատկապես, երբ զգուշացված են եղել ուշացման մասին, ուրեմն ինչո՞ւ էր ԲԴԽ-ի համար կենաց-մահու հարց դարձել առանց Աննա Դանիբեկյանի նիստն անելն ու խորհրդակցական սենյակ հեռանալը, հատկապես, երբ գիտեին՝ դատավորն ապացույցներ ունի ներկայացնելու:
168.am-ի խիստ հավաստի տեղեկություններով՝ Աննա Դանիբեկյանը հուլիսի 10-ին, ի թիվս իր անմեղությունը փաստող այլ ապացույցների, ներկայացնելու էր նաև հնարավոր ձայնագրություններ՝ այն մասին, թե ինչպես են իրեն փորձել ճնշել Ռոբերտ Քոչարյանի գործի քննության ընթացքում, և ո՞վ՝ ի՞նչ ցուցումներ է տվել իրեն այդ ընթացքում:
Թերևս, հենց այս զարգացումից է խուսափել Կարեն Անդրեասյանի գլխավորած ԲԴԽ-ն, որի կազմում, հիշեցնենք, անդամների կեսը դատավոր է: Եվ եթե որևէ մեկին թվում է, թե ինքն ապահովագրված է նման սցենարից, թող նայի Աննա Դանիբեկյանի հետ տեղի ունեցողին: Մի քանի տարի առաջ վերջինիս ևս թվում էր, թե ինքն անձեռնմխելի է:
Ամեն դեպքում ընդամենը մի քանի օրից Աննա Դանիբեկյանի ճակատագիրը պարզ կլինի: Կա՛մ ԲԴԽ-ն կգնա վա-բանկ ու կդադարեցնի նրա լիազորությունները, որովհետև դատավոր Դանիբեկյանն արդեն իրենց պետք չէ, կա՛մ կսաստվի ձայնագրությունների գոյության հանգամանքից ու տույժի այլ տեսակ կընտրի դատավորի համար: Թերևս ԲԴԽ-ում վստահ են, որ Աննա Դանիբեկյանն այդ ձայնագրությունները, այնուամենայնիվ, չի հրապարակի, և հետևաբար՝ ԲԴԽ-ն կգնա ռադիկալ ճանապարհով:
Գնդակն Աննա Դանիբեկյանի դաշտում է, նրա հնազանդ ու հեզ լինելը չգնահատվեց, և հիմա ինքը պիտի որոշի՝ ունի՞ կորցնելու բան, թե՞ չէ: