18 04 2020

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին

Ռոբերտ Քոչարյանի պաշտպանը կրկին դիմել է ՄԻՊ-ին

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Արամ Վարդևանյանն հերթական դիմումն է ներկայացրել ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանին՝ խնդրելով դիտարկել Ռ․Քոչարյանի նկատմամբ հարուցված գործի շուրջ ստեղծված իրավիճակի և մարդու իրավունքների խախտման վերաբերյալ հայտարարությամբ հանդես գալու հարցը:

Պաշտպանը տեղեկացրել է, որ սույն գործով նախագահող դատավոր Աննա Դանիբեկյանն ապրիլի 17-ին վերադարձել է աշխատանքի, ի վիճակի է եղել կատարել իր աշխատանքային պարտականությունները, չի ունեցել պլանավորված արձակուրդ, սակայն անհապաղ քննության չի առել դեռևս մարտի 16-ին ներկայացված միջնորդությունը։ Դրա փոխարեն դատավորը կրկին մեկնել է արձակուրդ:

«Նշված վարքագիծը դասական իմաստով ենթադրում է արդարադատության իրականացումից հրաժարվել», - իր դիմումի մեջ նշել է Վարդևանյանը։

Նաև ՄԻՊ-ի ուշադրությունը հրավիրվել է Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի ակնհայտ դրսևորվող անգործությանը:

Այսպիսով, գործը քննող դատավորի և Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի նախագահի գործողությունների արդյունքում արձանագրվել են ՀՀ Սահմանադրության 3, 27, 61, 63-րդ հոդվածներով երաշխավորված սահմանադրական նորմերի կոպտագույն խախտումներ:

Նշենք, որ Ռոբերտ Քոչարյանի խափանման միջոցի հարցին դատարանը չի անդրադարձել ավելի քան 5 ամիս։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ