18 04 2020

Դատարանի նախագահը ծառայում է այսօրվա իշխանություններին․ Ալումյան․ Politik.am

Դատարանի նախագահը ծառայում է այսօրվա իշխանություններին․ Ալումյան․ Politik.am

Politik.am-ը գրում է․ «Այսօր հայտնի դարձավ, որ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի եւ մյուսների գործով դատական նիստը նշանակվել է մայիսի 8-ին։ Դատավոր Աննա Դանիբեկյանը վերադարձել է աշխատանքի և միանգամից գնացել արձակուրդ։ 

Շատերի համար ծիծաղելի են դատական նիստերի ձգձգումները, քանի որ ակնհայտ է, որ իշխանությունները անում են հնարավոր ամեն բան, որպեսզի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը շարունակի մնալ անազատության մեջ։ 

Երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի փաստաբան Հայկ Ալումյանը կարծում է, որ ստեղծված իրավիճակը ծիծաղելի չէ․ «Երգիծական պահեր չկան այստեղ։ Ակնհայտ է, որ ձգձվում է ոչ միայն դատական գործընթացը, այլ նաև խափանման միջոցի փոփոխության հարցի քննությունը։ Սրանք ակնհայտորեն կանխամտածված գործողություններ են , բայց այստեղ Աննա Դանիբեկյանի խնդիրը չի միայն։ Աննա Դանիբեկյանը կարող է գնալ վիրահատվել, ինչպես ցանկացած այլ անձ, կարող է ունենալ հետվիրահատական շրջան, որը ծանր կարող է անցնել կամ ոչ այդքան։ Նման իրավիճակների համար օրենքը նախատեսել է, թե ինչպես պետք է վարվի դատարանի նախագահը, եթե դատավորը առողջական կամ այլ խնդիրներ ունի, բայց որևէ մեկի խափանման միջոցի հարցը պետք է քննվի։ Օրենքը նախատեսել է սա, ԲԴԽ որոշումը նախատեսել է սա։ Ըստ օրենքի` միջնորդության քննության գործը դատարանի կողմից պետք է վերահանձնարարվի նույն դատարանի մեկ այլ դատավորի, ընդ որում դատարանի նախագահը չի կարող կամայական ընտրել, այլ դա անում է էլեկտրոնային համակարգը»,-ասաց փաստաբան Հայկ Ալումյանը Politik.am-ի հետ զրույցում։

Փաստաբան Ալումյանը վստահ է, որ դատավոր Դանիբեկյանից առավել մեծ մեղավորություն ունի դատարանի նախագահը․ «Այստեղ Աննա Դանիբեկյանը չէ գլխավոր իրավախախտը։ Այստեղ գլխավոր իրավախախտը դատարանի (խմբ․ Երեւանի ընդհանուր իրավասության դատարան) նախագահ Արթուր Մկրտչյանն է և հենց իր հարցն է, որ առաջին հերթին պետք է քննարկվի։Արթուր Մկրտչյանը պետք է պատասխան տա»,-ասաց փաստաբանը պնդելով, որ դատարանի նախագահ Արթուր Մկրտչյանը ինչպես ծառայել է նախկին իշխանություններին, այդպես էլ ծառայում է այսօրվա իշխանություններին։

Փաստաբանը հիշեցրեց, որ հենց նրա ձեռքի տակով են անցել Արթուր Սարգսյանի՝ Հաց Բերողի, Բուդայանի սպանության և մի շարք այլ աղմկահարույց գործեր, որոնց համար ինքը նոր իշխանությունների իշխանության օրոք ևս պատասխանատվության չի կանչվել։ Փաստաբանը կարծում է, որ հենց նոր իշխանություններին ծառայություններ մատուցելու դիմաց է, որ նախկին գործերով նա պատասխանատվության չի ենթարկվում։

 



* Հարգելի ընթերցող, մեր տեքստերում վրիպակ գտնելու դեպքում, խնդրում ենք սեղմել «Ctrl+Enter» կոճակները, և բացվող պատուհանում նշել այդ մասին. այնուհետև հաստատել` սեղմելով «Ուղարկել» կոճակը

Դիտել նաև
Orphus համակարգ